Լրահոս
Օրվա լրահոսը

Մամեդյարովի կարծիքով Հայաստանը սխալ որոշում է ընդունել՝ չմասնակցելով «Եվրատեսիլին»

Մայիս 23,2012 21:07

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը The Wall Street Journal ամերիկյան պարբերականում տպագրած իր հոդվածում նշում է, որ Ադրբեջանը հպարտ է` հյուրընկալելով «Եվրատեսիլ» փառատոնը:

«Եվրատեսիլը» Ադրբեջանում անցկացնելու առիթով գրած հոդվածում Մամեդյարովը անդրադարձել է նաեւ Ղարաբաղի հակամարտությանը: Նշելով, թե Ադրբեջանը հայտնվել է Արեւմուտքի որոշ ոչ կառավարական կազմակերպությունների կրակի տակ՝ մարդու իրավունքների իրավիճակի եւ ժողովրդավարական դանդաղ բարեփոխումների պատճառով, Մամեդյարովը գրել է. – «Որքան էլ տարօրինակ է, քննադատողները անտեսում են արդի ժամանակաշրջանի մարդու իրավունքների ամենամեծ խախտումները՝ ադրբեջանցիների տեղահանումը Լեռնային Ղարաբաղից ու հարակից շրջաններից, որ կատարվեց Հայաստանի հետ պատերազմի ընթացքում»:

«Իրենց տներից ստիպողաբար տեղահանված մեկ միլիոն մարդիկ, որոնց մասին մոռացել են, ավելի քան 20 տարի համբերությամբ սպասում են իրենց վերադարձին, չիմանալով, թե արդյո՞ք պահպանվել են հայերի տիրապետության տակ գտնվող իրենց տները, գյուղերն ու սրբավայրերը», – գրում է Մամեդյարովը, հավելելով, թե չնայած ՄԱԿ-ի Անվտանգության չորս բանաձեւերին, որոնք կոչ են անում առանց նախապայմանների եւ անհապաղ դուրս բերել հայկական զորքերը գրավյալ տարածքներից, Հայաստանը այդ բանաձեւերի մի դյույմն էլ չի կատարել:

«Չնայած հակամարտությունը մնում է չլուծված, ես կարծում եմ «Եվրատեսիլի» երգի փառատոնին չմիանալու Հայաստանի որոշումը սխալ էր: Սա երաժշտական իրադարձություն է, այլ ոչ թե քաղաքական ժեստերի»,- գրել է Ադրբեջանի արտգործնախարարը The Wall Street Journal պարբերականում:

Էլմար Մամեդյարովը պնդում է, որ Ադրբեջանում ժողովրդավարությունը առաջընթաց է ապրում, նախագահական ու խորհրդարանական յուրաքանչյուր ընտրություն նախորդից ավելի լավ է անցկացվում, ընդդիմադիր թերթերը կարող են եւ անում են՝ ամեն օր քննադատում են կառավարությանը, հավաքների ազատությունը երաշխավորվում է, ինչպես մյուս երկրներում, այդ թվում Եվրոպական երկրներում, որ դրանք անցկացվեն թույլատրված վայրերում:

Ադրբեջանում ժողովրդավարության եւ բարեփոխումների առաջընթացը ապացուցելու համար Մամեդյարովը օրինակ է բերում բրիտանական Populus ընկերության անցյալ տարվա հարցումների արդյունքները: Նա նշում է, որ ըստ հարցումների՝ ադրբեջանցիների 70 տոկոսը կարծում է, որ վերջին 15 տարիների ընթացքում Ադրբեջանում ժողովրդավարության եւ ազատությունների իրավիճակը բարելավվել է, իսկ 80 տոկոսը աջակցություն է հայտնել քաղաքական հիմնական ուղղությանը:

Հրաչ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031