Այսօր «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանը ներկայացրեց իրենց իրականացրած մոնիթորինգի արդյունքները, թե առցանց լրատվամիջոցները որքանո՞վ են հավասար եւ չեզոք լուսաբանել կուասակցությունների քարոզչությունը, ընտրությունները:
Քանի որ հաճախ են ասում՝ այս կայքը սրան է պատկանում, մյուսը՝ նրան է պատկանում, Aravot.am-ը պարոն Դեհերյանից հետաքրքրվեց, թե իրենց դիտարկումների արդյունքում այդ առումով որոշ եզրակացություններ արե՞լ են: Նա պատասխանեց, որ մշտադիտարկման արդյունքում հետաքրքիր դիտարկումներ են եղել. «Ես կարող եմ ասել, որ չեզոք նյութերի քանակը շատ է, բայց կան, իհարկե, որոշ նյութեր, որոնք ցույց են տալիս կայքի համակրանքը այս կամ այն կուսակցությանը կամ հակառակը՝ կայքի վերաբերմունքը: Բոլոր կայքերում նմանատիպ անդրադարձներ կան»:
Մենք խնդրեցինք կոնկրետ նշել, թե վառ արտահայտված համակրանք որեւէ կուսակցության նկատմամբ ո՞ր կայքում են նկատել. «Վառ արտահայտված անտիպատիա ես կարող եմ ասել: Օրինակ, 7or.am-ում շատ հստակ երեւում է նյութերի քանակը բացասական երանգավորմամբ՝ դեպի ՀՀԿ կուսակցությունը: 215 բացասական երանգավորմամբ նյութ է եղել Հանրապետական կուսակցության վերաբերյալ, այնինչ դրական՝ ընդամենը 4 նյութ ենք հայտնաբերել: Համեմատության համար ասեմ, որ ԲՀԿ-ին այստեղ տրվել է 49 դրական նյութ եւ 110 նյութ էլ չեզոք: ՀԱԿ-ի մասին դրվել է 9 բացասական եւ 22 դրական երանգավորման նյութ»:
Ըստ մոնիթորինգի, azatutyun.am-ը աչքի է ընկել չեզոքությամբ, օրինակ, ՀԱԿ-ի մասին եղել է 66 չեզոք նյութ եւ 8 դրական, 9 բացասական երանգավորման: Ավելի շատ բացասական են եղել նյութերը ՀՀԿ-ի մասին՝ 53:
Կարդացեք նաև
Մոնիթորինգի խումբը a1plus-ի կողմից նույնպես նկատել է վառ արտահայտված բացասական վերաբերմունք՝ ՀՀԿ-ին ուղղված: Եղել է 159 բացասական նյութ, 170՝ չեզոք, 29 դրական: Մինչդեռ ՀԱԿ-ի մասին 20 նյութ է եղել բացասական, նույնքան՝ դրական:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ