Լրահոս
Օրվա լրահոսը

Անվավեր քվեաթերթիկնե՞րը կոմունիստների բախտին «քար գցին»

Մայիս 23,2012 19:09

«Հայաստանի առաջադիմական կոմունիստական կուսակցության» առաջնորդ Վազգեն Սաֆարյանը,որը Հայաստանի կոմունիստական կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականում էր, ԱԺ ընտրություններից առաջ, մարտի 12-ին լրատվամիջոցներին վստահաբար հայտարարել էր, որ իրենց ընտրազանգվածը առնվազն 10% է, եւ հաստատ այդքան ձայն կհավաքեն: Սակայն ՀԿԿ-ն իր ասած ձայների նույնիսկ կեսը չհավաքեց, այլ ընդամենը՝ 1.5%-ը:

Aravot.am-ն այսօր Վազգեն Սաֆարյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս էին հաշվարկել այդ առնվազն 10%-ը, որն իրականություն չդարձավ: Մեզ հետ զրույցում պարոն Սաֆարյանն ասաց, որ այսօր էլ վստահ է, որ իրենց ընտրազանգվածը 10%-ից պակաս չէ. «Մեր օգտին ֆիքսված ձայները 16 հազարի չափ էր, բայց 53 հազար անվավեր ճանաչված բյուլետեններ կային, որոնցից առնվազն 10 հազարը մեր՝ կոմունիստներին տված ձայներն են: Եթե հաշվի առնենք, որ այս ընտրություններում մարդկանց շահագրգռել են, տարբեր ճանապարհներով հորդորել են, նրանց մեջ նաեւ, ինչու չէ, մեր ընտրազանգվածն էլ է եղել, ու այն ձայները, որ մենք կարող էինք ակնկալել եւ ստանալ, բնականաբար, չենք ստացել: Այսինքն, այս ընտրական մեխանիզմի գործառույթում այդ ձայները ինչ-որ տեղ փոշիացել են, դրա համար մենք կորցրեցինք մեր այն ընտրազանգվածին, որոնք տուրք տվեցին այդօրինակ գայթակղություններին կամ ճնշումներին»:

Aravot.am-ի այն հարցին էլ` արդյոք 10 հազար անվավեր քվեաթերթիկներով կլրացվե՞ր իրենց ակնկալած 10 %-ը, պարոն Սաֆարյանն ինչ-որ թվեր ներկայացրեց, հետո գումարում-հանում արեց. «Երեւան քաղաքի 100-ից ավելի ընտրատեղամասերի արդյունքներն ունեմ: Մեր դիտորդներն այդ տեղամասերում ֆիքսել են, որ ամեն տեղամասում 4-5 հատ անվավեր բյուլետեն հօգուտ մեզ է գնացել: Օրինակ`սյունյակից դուրս է եկել պտիչկայի պոչը, կամ ՀՀԿ-ի դիմաց պտիչկայի տեղը` խաչ են դրել, կամ էլ՝ պետք է աջ կողմում նշում անեին, ձախում են արել: Ամբողջ ընտրատեղամասերն իրար հետ, առնվազն 10 հազար ձայն այդպես է կորել»: Սրան էլ գումարած, որ կոմունիստների ընտրազանգվածի մի մասն էլ, պարոն Սաֆարյանի խոսքերով ասած, չդիմացան գայթակղությանը եւ տրվեցին հորդորներին, այդ 10%-ը լրացվեց:

Խորհրդարան չանցնելու «մեղքի» մի բաժինն էլ կոմունիստներն իրենց վրա են վերցնում. «Մեր ոչ արդյունավետ աշխատանքն էր, ֆինանսական  ռեսուրսների բացակայությունը, կազմակերպչական որոշակի բացթողումները…Այս մեծ մրցապայքարի մեջ ֆինանսական ռեսուրսները մեծ դերակատարություն ունեն եւ, բնականաբար, քիչ ռեսուրս ունեցողը չի կարող մեծ ակնկալիք ունենալ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031