Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

70-ամյա կնոջը բռնաբարելու փորձ կատարած «էրեխու» գործով դատական հաջորդ նիստը՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը

Մայիս 23,2012 18:51

Մայիսի 22-ին Իջեւանում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում կայացավ  Իջեւան քաղաքի 24-ամյա բնակիչ, նախկինում դատված, ամուրի Վազգեն Օհանյանի դատավարության հերթական նիստը: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34/138 հոդվածի 1-ին մասով եւ 147 հոդվածի 1-ին  մասով:

Վազգենը   2011թ. հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը ալկոհոլ օգտագործած վիճակում  մուտք է գործել Իջեւան քաղաքի 70-ամյա բնակչուհի Սուսաննա Բեկնազարյանի տուն,  բռնություն գործադրելով եւ բռնության սպառնալիքներ տեղալով ` տարեց  կնոջ նկատմամբ բռնաբարության փորձ կատարել:

Նիստում հարցաքննվեցին գործով վկաներ Նոդար   Օթարյանը, Սամվել Բեջանյանը, Էդգար եւ Շավարշ Խաչատրյանները, Անժելա Ավետիսյանը: Եղբայրներ Էդգար եւ  Շավարշ Խաչատրյանները եւ   Անժելա Ավետիսյանը ցուցունք տվեցին, որ  հոկտեմբերի 29-ի երեկոյան իրենց տուն է  եկել հեռավոր ազգական Վազգեն Օհանյանը, իրենք այդ ժամանակ սնվելիս  են եղել: Խաչատրյանների տանը Վազգենը հյուրասիրվել է, օղի խմել, նաեւ  մի շիշ օղի է տարել այնտեղ: Գիշերվա ժամը 2-ի սահմաններում տանտերերն արդեն հարբած Վազգենից  պահանջել են  հեռանալ եւ նրան ուղեկցել են մինչեւ իրենց  տան դուռը:

25-ամյա Անժելա Խաչատրյանը 24 տարեկան Վազգեն Օհանյանի մասին դատարանում ցուցմունք տալիս մի քանի անգամ նրա վերաբերյալ օգտագործեց  «էրեխեն» արտահայտությունը:  Տուժողի թոռ Գարուշ Խաչատրյանը ներկայումս շարունակում է ժամկետային ծառայությունը  հեռավոր սահմանագոտում, ու դատարանում հրապարակվեցին նրա նախաքննական ցուցմունքները:  Ըստ դրանց՝ Գարուշ Խաչատրյանը Իջեւան արձակուրդ գալով՝  այցելել է տատին, գիշերել նրա  տանը: Գիշերվա 3-ին նա  արթնացել է ՝ կողքի սենյակից լսելով տատի օգնության կանչերը եւ  անկողնում պառկած տատի  վրա տեսել է Վազգեն Օհանյանին: Գարուշը տատի վրայից քաշել է Վազգենին, երկու անգամ ապտակել նրան եւ կրծքից քաշելով՝ սենյակից դուրս հանել: Գարուշն իրենց հեռավոր բարեկամ Վազգենին տատի ննջասենյակում  հարցրել է , թե նա  ինչ է  անում իր տատի տանը: Վերջինս պատասխանել է, թե եկել է հորեղբոր կնոջը տեսության:

Դատարանում ցուցմունք տվեց նաեւ տուժող 70-ամյա Սուսան Բեկնազարյանը: Դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը տուժողի հարցաքննությունն անցկացրեց դռնփակ  կարգով: Ամբաստանյալ Վազգեն Օհանյանը կարծես թե համաձայնվել էր դատարանում ցուցմունք տալ,  սակայն հետո հրաժարվեց դրանից: Նա  դատարանում միայն գողության փորձի մեջ  իրեն մեղավոր համարեց: Դատավորը հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքները: Նախաքննության փուլում Վազգենն ընդունել է մեղքը: Դատավարության ընթացքում հրապարակված  նախաքննական ցուցմունքներում  նա հայտնել է, որ  հոկտեմբերի 29-ին ինքն  այցելել է իր հեռավոր բարեկամ Խաչատրյանների տուն, այնտեղ հյուրասիրվել: Գիշերվա 2-ին այնտեղից տուն գնալու ճանապարհին որոշել է մտնել  Սուսան  Բեկնազարյանի տուն եւ նրա հետ սեռական հարաբերություն ունենալ: Վազգենը տեղյակ է եղել, որ ծեր կինը միայնակ է ապրում, նրա թոռը գտնվում է ժամկետային ծառայության մեջ: Վազգենը մտել  է Սուսան  Բեկնազարյանի ննջասենյակ, ձեռքերը դրել նրա կրծքերին: Տարեց կինն արթնացել է, թոռանն օգնության կանչել: Վազգեն Օհանյանը բարձրացել է կնոջ մահճակալի վրա, ձախ ձեռքով փակել է կնոջ բերանը, աջով  փորձել նրա  վրայի վերմակը հեռացնել: Բռնաբարության կատարելուն խանգարել է կնոջ՝ օգնության հասած  թոռը՝  Գարուշ Խաչատրյանը, ով հարվածելով եւ քաշելով՝ Վազգենին դուրս է բերել պատշգամբ: Վազգեն Օհանյանը բռնաբարության փորձի մեջ իր մեղքն ընդունել է  նաեւ նախաքննության ժամանակ Սուսան Բեկնազարյանի եւ Գարուշ Խաչատրյանի հետ առերեսման ժամանակ:

Մայիսի 22-ի դատական նիստը հետաձգվեց, քանի որ դատավոր Ռաֆիկ Մելքոնյանն այդ օրը նշանակված այլ դատական գործ ուներ: Հաջորդ դատական նիստը նշանակված է հունիսի 1-ին: Այդ նիստում կհետազոտվեն քրեական գործում առկա փաստաթղթերը:

Ոսկան Սարգսյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031