Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ դատախազի՝ Արսեն Արծրունու դատավճիռը ճիշտ է

Մայիս 23,2012 17:30

Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Դրո» խմբի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունու բողոքի հիման վրա արտագնա նիստ էր հրավիրել արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գծով վարչության պետի տեղակալ Արթուր Դավթյանը պնդեց, որ 1996թ. դեկտեմբերի 10-ի  Գերագույն դատարանի դատավճիռը համապատասխանում է գործող քրեական օրենսգրքին: Նա նշեց, որ Գերագույն դատարանի ընդունած դատական ակտով Արսեն Արծրունին ղեկավարել է  «զինված բանդա հանդիսացող «Դրո» կառույցը»:  Գերագույն դատարանը, ըստ դատախազի, հաստատված է համարել  եւ Արծրունուն մեղավոր է ճանաչել բանդայի անդամների միջոցով Ներսիսյանի եւ Սահակյանի սպանությունը կազմակերպելու համար: «Այլ խոսքով՝ իր մեջ ներառել է  երկու անձանց սպանությունների կազմակերպում: Արդյոք այսօրվա քրեական օրենսգիրքը նախատեսո՞ւմ է երկու անձանց սպանության հանցակազմ: Այո, նախատեսում է գործող օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի առաջին կետով»,- ասաց Ա. Դավթյանը:

Ընդսմին նա շեշտեց, որ երկու անձանց սպանությունը դիտվել է ծանրացնող հանգամանք: «Եթե երկու անձի սպանության կատարումը ներառվում էր հանցավորի միասնական դիտավորության մեջ, ապա արարքը որակվում է 104 հոդվածի 2-րդ մասի առաջին կետով»,- շարունակեց Ա. Դավթյանը:

Նա նաեւ նշեց, որ նոր քրեական օրենսգրքի փոփոխությունը չի նշանակում, թե ապաքրեականացվել է երկու անձի սպանությունը: Դատախազը, այն հարցադրմանը, թե արդյոք չունե՞նք մեղմ օրենք կամ անձի վիճակը բարելավող օրենք, ասաց. «Օրենսդրական արգելք չունենք եւ գործող օրենսգրքով երկու անձի սպանությունը դիտվում է հանցագործության ծանր տեսակ»:

Նա հակադարձելով Արսեն Արծրունու պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Նարինե Ռշտունու միջնորդությանը, թե անհրաժեշտ է բեկանել Գերագույն դատարանի ակտը, նոր դատաքննություն իրականացնել, դատախազն ասաց, որ դա չի բխում գործող օրենքի պահանջից եւ որ իրենք խնդիր չունեն որոշելու դատապարտյալի անմեղության-մեղավորության հարցը, այլ խնդիր ունեն արարքը որակել այսօրվա օրենսդրությամբ:

Նարինե Ռշտունին խորհրդակցելով Արսեն Արծրունու հետ՝ ռեպլիկի համար, խնդրեց 2 շաբաթ ժամանակ:

Դատական նիստը նշանակվեց հունիսի 8-ին՝ դարձյալ մեկուսարանում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031