«Ոսկե Ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը և վերջինիս շրջանակներում իրականացվող «Ռեժիսորներ առանց սահմանների» արևելյան համագործակցության ծրագիրը այս տարի ներկայացվեցին Կաննի կինոփառատոնի կինոշուկայում: Հայաստանի ազգային կինոկենտրոնի տաղավարում մայիսի 17-ին տեղի ունեցավ երևանյան միջազգային կինոփառատոնին նվիրված ընդունելություն և «Ռեժիսորներ առանց սահմանների» արևելյան համագործակցության ծրագրի DAB Happy Hour («ՌԱՍ ուրախ ժամ») շնորհանդեսը: Ընդունելությանը ներկա էին Կաննի կինոփառատոնի հայ և օտարազգի հյուրերը` ռեժիսորներ, կինոփառատոների տնօրեններ, կինոհիմնադրամների ներկայացուցիչներ, ինչպես նաև «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի գործընկերները` MAIA (Իտալիա), INTERFILM (Ուկրաինա), CINEMA ART CENTER PROMETHEUS (Վրաստան) կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կինոփառատոնը և ծրագիրը ներկայացրեց «Ոսկե Ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը: