Այսօր, Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ պետական և կուսակցական գործիչ, Հայաստանի Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ, որին մասնակցեցին Դեմիրճյանի ընտանիքի անդամները, մտավորականներ եւ ժամանակակիցներ, ինչպես նաեւ` հերոսի անունը կրող դպրոցի սաները:
Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Ռաֆիկ Ղազարյանը նշեց, որ Դեմիրճյանի անունը պատմության մեջ ոսկե տառերով է գրված. «Նրա գործունեության արդյունքը մեր ժողովրդի ոգեղեն հարստությունն է: Նա մեծ ներդրում ունեցավ ինչպես արդյունաբերության զարգացման, այնպես էլ մշակույթի եւ արվեստի բնագավառներում: Դեմիրճյանի ջանքերով էր, որ գրադարանը ստեղծման 150 ամյակի առիթով արժանացավ ժողովուրդների բարեկամության շքանշանի»: Տնօրենը հավելեց, որ առաջիկայում կլինեն Դեմիրճյանի մասին նոր հրատարակություններ. «Նրա մասին ակնածանքով են խոսել հատկապես Շիրազն ու Կապուտիկյանը: Առհասարակ, ոչ բոլոր գրողներն են, որ քաղաքական գործիչներին ակնածանքով են վերաբերվել»:
Կ. Դեմիրճյանի աշխատանքային ընկեր Դոնարա Հարությունյանը, ով ԽՍՀՄ տարիներին եղել է Գյումրիի կենտկոմի առաջին քարտուղար, Դեմիրճյանին հիշեց որպես շիտակ եւ ազնիվ ղեկավարի. «Գեղեցիկը գնահատելու զարմանալի կարողություն ուներ: Նրա ջանքերով կառուցվեց Գյումրիի քաղաքային գրադարանը, որը դեռ չշահագործված` ավերվեց երկրաշարժից: Դեմիրճյանը չէր սիրում իր ծննդյան օրը նշել տաշի-տուշիով, այլ դրա փոխարեն ամեն անգամ մշակութային նոր օջախ էր բացում»:
Բանասիրական գիտությունների թեկնածու, ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանը նշեց, որ տարիների հետ ավելի է վսեմանում Դեմիրճյան անհատի կերպարը. «Պարզ, անմիջական մարդ էր, փոքրի հետ` փոքր, մեծի հետ` մեծ»:
Կարդացեք նաև
Ցերեկույթի ընթացքում ասմունքով հանդես եկան Կ.Դեմիրճյանի անվան դպրոցի սաները:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ