Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամ. «Կարեւոր ընտրություն մարդիկ համարում են նախագահականը»

Մայիս 23,2012 16:13

«Ես զգում էի՝ ինչպիսի՞ ընտրություններ են լինելու եւ ի՞նչ հետեւանքներ, դրա համար մտածեցի, որ ավելի ճիշտ է լինել ցուցակի վերջում, այլոց հնարավորություն տալ լինել առաջին համարներում»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով մեր հիշեցմանը, որ ընտրացուցակների կազմման փուլում ասացիք, որ ինքներդ եք խնդրել, որպեսզի Ձեր անունը գրվի ՀԱԿ ցուցակի վերջին համարներում, սակայն, այն ժամանակ չպարզաբանեցիք՝ ինչո՞ւ, ասաց ՀԺԿ փոխնախագահ Գրիգոր Հարությունյանը:

Նա գտնում է, որ Հայաստանում ընտրություններ չեղան եւ ՀԱԿ-ը ոչ թե քիչ ձայն հավաքեց, այլ «Կոնգրեսին քիչ ձայներ թողեցին»: Նա համոզված է, որ նորմալ ընտրությունների պարագայում ՀԱԿ-ը ոչ թե 106 հազար ձայն կհավաքեր, այլ, հաշվի առնելով նաեւ հասարակական տրամադրությունները, պարոն Հարությունյանը համոզված է, որ առնվազն երեք անգամ շատ ձայն կհավաքեր:

Այն, որ ՀԱԿ-ից հեռացան «Հանրապետություն» եւ Հայաստանի լիբերալ կուսակցությունները, մեր զրուցակիցը չի դիտարկում «մանդատների կռիվ» տեսանկյունից. «Ինչի՞ եք անմիջապես ամեն ինչ նյութականացնում: Մարդիկ որոշում են կայացրել, ես հարգում եմ իրենց որոշումը: Հատկապես «Հանրապետություն» կուսակցության հետ մենք բավականին երկար, դժվարին ճանապարհ ենք անցել: Եվ ես այն կարծիքին չեմ, որ այդտեղ մանդատի խնդիր էր: Նույնն էլ ՀԼԿ-ի հետ կապված: Չէ, պետք չէ նյութականացնել: Մենք բավականին դժվարին պայքար ենք տարել, եւ հաջողվել է, եւ չի հաջողվել…իրենք մեր ընկերներն են, գործընկերները, ճիշտ չէ նյութականացնել»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ համամի՞տ է Գրիգոր Հարությունյանը ՀԺԿ-ի՝ ՀԱԿ-ի կազմում մնալու որոշման հետ: «Այսօր արդյունավետ ճանապարհն իմ կարծիքով այն է, որ պայքարը պետք է շարունակել եւ շարունակելու ուղին սա է: Վաղն ավելի արդյունավետ ի՞նչ ուղի կլինի, բնականաբար, ՀԺԿ-ն այդ ուղով կգնա»,- ասաց պարոն Հարությունյանը:

Նա նաեւ նորմալ է վերաբերվում ԱԺ աշխատանքները չբոյկոտելու ՀԱԿ-ի որոշմանը եւ դիտարկմանը՝ ի՞նչ պետք է անեն խորհրդարանում մի քանի հոգով՝ հակադարձեց. «20 հոգով ի՞նչ պիտի անեին: Այս տարիների ընթացքում նման իրավիճակներում ինքս մի քանի անգամ հայտնվել եմ. «Արդարություն» դաշինքի կազմում՝ 17 հոգով, «Միասնություն» դաշինքի կազմում, երբ ՀԺԿ-ն 24 հոգի էր: Եթե ԱԺ-ում չկա լուրջ մեծամասնություն՝ 7-ը թե՝ 15-ը, ոչինչ չի փոխում, որովհետեւ ամեն ինչ ի վերջո հանգում է քվեարկության: 7-ն էլ չի կարող քվեարկությամբ ինչ-որ բան փոխել, 17-ն էլ չէր կարողանալու, 27-ն էլ եւ այս տեսակետից, այն հարցերը, որոնք բարձրացնում էին 17 պատգամավորները, կարող են բարձրացնել նաեւ 7-ը: Իհարկե, երբ ավելի մեծ թվով են լինում բոլոր հանձնաժողովներում, աշխատանքն ավելի արդյունավետ կլինի, բայց արդիական քաղաքական հարցեր բարձրացնելու համար դա մեծ նշանակություն չունի: Այդ 7-ին պետք է օգնել, փորձագետների, լուրջ խմբեր են պետք: «Փոքրամասնությունը» որեւէ լուրջ բան չի կարող փոխել: ԱԺ-ն պետք է լինի քաղաքական ամբիոն, որտեղից պետք է բարձրաձայնվեն հասարակությանը հուզող հարցերը, քո ճշմարտացիությունը, դա պետք է զուգակցել նաեւ դրսի պայքարի հետ»:

Aravot.am-ի հարցին՝ նախագահական ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, ՀԱԿ-ը միայն ԱԺ ամբիոնից քաղաքական պայքա՞ր պետք է տանի, Գրիգոր Հարությունյանը պատասխանեց. «Բազմիցս ասվել է եւ որեւէ մեկը դեռ ետ չի կանգնել, որ խորհրդարանական ընտրությունները պետք է լինեն նախագահական ընտրությունների առաջին փուլ, որովհետեւ մեր երկրում, ճիշտ է խորհրդարանը հզոր լիազորություններ ունի, բայց հասարակության կողմից գերագույն իշխանություն է ընկալվում նախագահի ինստիտուտը: Նաեւ սրանով է պայմանավորված ինչ-որ տեղ, որ փողն այն ընտրություններում շատ լուրջ ազդեցություն ունեցավ: Կարեւոր ընտրություն մարդիկ համարում են նախագահականը»:

Հարցին՝ իր ներկայիս վիճակով, Դուք համարո՞ւմ եք, որ ՀԱԿ-ը կարող է լուրջ մասնակցություն եւ հավակնություն ունենալ նախագահական ընտրություններին, Գրիգոր Հարությունյանը պատասխանեց. «Ես չեմ բացառում: Չի իմացվի՝ ի՞նչ կլինի, ո՞նց կլինի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031