Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Սաֆարյան. Նոր նախարարությունը պատկերացնում է, ղեկավարին` ոչ

Մայիս 23,2012 15:57

ՀՀ նախագահի նախընտրական շրջանում հնչեցրած հայտարարությունը, որ պետք է դեմքով շրջվել դեպի արդյունաբերողը, իրականություն դարձնելու լավագույն միջոցը կլինի, եթե ստեղծվի արդյունաբերության եւ արտաքին առեւտրի նախարարություն: Այսօր «Փաստարկ» ակումբում նման կարծիք է հայտնել հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Aravot.am-ը պարոն Սաֆարյանից հետաքրքրվեց, թե գոնե որեւէ մեկին տեսնո՞ւմ է այդ դեռեւս չծնված, բայց բավականին հստակ ներկայացրած նախարարության նախարար: «Անուններ ասել, դա կնշանակի ոմանց չնկատել, ոմանց էլ` գերագնահատել: Կարեւորը անունը չէ, կարեւորը նախարարության կարգավիճակի ձեւավորումն է: Դա ստանդարտ նախարարություն չի լինելու, այլ ֆունկցիոնալ ճյուղային»:

Նախընտրական շրջանում կուսակցությունների եւ թեկնածուների կատարած ծախսերն արդյոք ներկայումս ինչ-որ ձեւով ժողովրդի գրպանից դուրս չի գալու հարցին, պարոն Սաֆարյանն ասաց. «Նրանք, ովքեր մեծ գումարներ են ծախսել մեծամասնական եւ կուսակցական ընտրությունների ժամանակ, բնականաբար պետք է ինչ-որ ձեւով հետ բերեն: Ասենք՝ նրանք, ովքեր ապրանքային առեւտրով են զբաղվում կամ ծառայություններ են մատուցում: Ես չեմ ուզում մատնանշել թե գործառույթներով հետ կբերեն,

որպեսզի դրանից չկառչեն, ու հետո էլ ասեն` այսինչ մարդն էլ էր այդպես ասում: Պարզապես իշխանությունը պիտի շատ խոհեմ քաղաքականություն տանի, որպեսզի այդ մարդկանց կողմից գների ու ծառայությունների թանկացում չլինի»:

Մեր այն հարցին էլ, որ նոր ձեւավորվող ԱԺ-ն արդյոք կաշխատի՞ հայրենական արտադրողների, հատկապես փոքր ու միջին արտադրողների ու արտահանողների օգտին, Վազգեն Սաֆարյանը պատասխանեց. «ՓՄՁ-ի ներկայացուցիչներ չկան ԱԺ-ում, չեն էլ կարող լինել, այնտեղ խոշոր տնտեսվարողներ են ներգրավված: Առաջինը, որ տեղի կունենա պառլամենտում, դա միեւնույն դաշտում աշխատող քաղաքական կուսակցությունների պայքարն է լինելու` այս կամ այն ոլորտներում իրենց իշխանությունը կամ գերիշխանությունը ընդլայնելու ուղղությամբ: Ուստի, տնտեսության զարգացման շեշտադրումները պետք է փնտրել կառավարության գործառույթներում եւ այդ իմաստով, լավ կլիներ կառավարությունը ձեւավորվեր ազգային համերաշխության եւ քաղաքացիական համաձայնության սկզբունքի վրա: Նախարարները պետք է հնարավորինս զերծ լինեն կուսակցական պատկանելիությունից»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031