Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է 102 դպրոցի մանկավարժներին հարցնել՝ ո՞ւր էիք դուք, երբ դպրոցի աղջիկներն այդպես էին մեծանում

Մայիս 23,2012 15:46

Թիվ 102 դպրոցի աշակերտուհիների պահվածքը, մանկավարժական երկար տարիների փորձ ունեցող Անահիտ Բախշյանի համար կրթական համակարգի արժեզրկման մասին է խոսում: «Այդ երեխաների վարքագիծը նաեւ հասարակության հայելային արտապատկերումն է: Այնպիսին, ինչպիսին մեր հասարակությունն է, նույնն էլ երեխաներն են: Հասարակությունն այդպիսին է, որովհետեւ այն արժեքները , որոնք անհրաժեշտ են կրթության միջոցով մարդու մեջ դնել, տալ արգելակներ, որոնք կոչվում են բարոյական արժեքներ երեխաների մեջ դնելու մեջ հաստատ շատ լուրջ թերացումներ ունենք: Դրա համար էլ ունենք անհանդուրժող հասարակություն: Այդ դեռահասներին չեմ մեղադրում, նրանք ինքնադրսեւորվելու ու արտահայտվելու մեծ կարիք ունեն, քանի որ նրանց ներսում ճիշտ արժեքներ ու արգելակներ չենք դնում, նրանք ամենատգեղ ձեւերն են գտնում ինքնադրսեւորվելու: Իսկ կրթությունը, իմ խորին համոզմամբ, պետք է կազմակերպվի շատ տարբեր սյուների վրա, որոնցից կարեւորը բարոյական սյուներն են: Դա կարելի է անել կրթության միջոցով քրիստոնեական արժեքները երեխաների ողնաշարին ամրացնելու ճանապարհով» ,- Aravot.am-ին ասաց տիկին Բախշյանը :

Վերջին շաբաթներին իրար հայհոյող ու ծեծող աղջիկների մասնակցությամբ մի քանի տեսանյութերի տարածումը, տիկին Բախշյանի կարծիքով, նման դեպքերը թաքցնելու հետեւանք են. «Այդ երեւույթը կա ու կոծկվում է հենց մանկավարժների կողմից, փոխարեն դրա մասին խոսեն: Եթե դա տեղի է ունեցել մեկ տարի առաջ ու կոծկվել է, ապա շատ լուրջ թերացում է մանկավարժական կոլեկտիվի, ծնողի կողմից: Այն կարծիքին չեմ, որ ոստիկանը, դպրոց մտնելով, կարող է կանխել այդ բաները: Նույնիսկ դեմ եմ դրան: Դպրոցի կարգ ու կանոնը ոստիկանի ներկայությամբ պահպանելը՝ նշանակում է մանկավարժի հմտությունները ստորադասել»:

Անահիտ Բախշյանը դեմ է այդ անչափահասներին պատասխանատվության ենթարկելուն, նրա կարծիքով, այդ երեխաների հետ պետք է հատուկ աշխատանք տանել. «Ամենաքիչը այդտեղ ոստիկանությունը գործ ունի, նրանք ավելի կխաթարեն երեխաների հոգեվիճակը»:

Եվ հավելեց. «Համապատասխան մարմինները պետք է նայեն՝ այդ մանկավարժներն ո՞ւր էին նայում, ինչ օրինակ են ցույց տվել այդ աղջիկներին, որ նրանց մեջ այդպիսի ագրեսիա կա: Այդ տարիքի երեխաների համար օրինակ է եղել ոչ թե իրենց կարդացած գրքի մի հերոս, այլ փողոցի սանձարձակ վարքագիծ ունեցող ինչ-որ մեկը: Պետք է մանկավարժներին հարցնել, ո՞ւր էիք դուք, երբ աղջիկը այդպիսին էր մեծանում: Նա այդ պահին միայն չդրսեւորեց այդ վարքագիծը, նշանակում է նա այդպիսին դառնում էր, ի՞նչ էր անում դպրոցը, մանկավարժը, ինչպե՞ս էր աշխատում ծնողի հետ: Հետաքրքրվե՞լ են այդ երեխայով: Սա հաստատ երեխաների բացթողումը չէ՝ բոլորիս բացթողումն է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031