Այսօր առավոտյան Կապան քաղաքում մեծ հեղեղումներ է առաջացրել նաեւ Ողջի գետի Գեղանուշ վտակը:
Սյունիքի մարզային փրկարարական ծառայությունում առավոտյան ժամը 10:45-ի սահմաններում դեպքի վերաբերյալ ահազանգ ստանալուց հետո՝ ստեղծված արտակարգ իրադրության վայր է մեկնել փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ տեղում արձանագրել, որ վարարած գետի ջրերով ողողվել է Կապանի Երկաթուղայինների փողոցի 5-րդ նրբանցքում տեղակայված Սեւադա Զաքարյանի քարի արտադրամասը: «Քարի արտադրամասի 500 քմ տարածքից ավելի հատվածը, հաստոցների շարժիչները եւ ձեռնարկության գրասենյակները ջրով են լցվել` հասցնելով նյութական բավականին վնասներ», – տեղեկացնում են Սյունիքի մարզային փրկարարական ծառայությունից:
Թեեւ քարի արտադրամասի աշխատակիցների ջանքերով ձեռնարկությունը մաքրվել է ջրից, տարաներով հեռացվել են ներսում կուտակված ջրերը, բայց դեռ մտավախություն կա, որ գետը կարող է երկրորդ անգամ նույն խնդիրն առաջացնել: Հիշեցնենք, որ երեկ գիշերը Ողջի գետի մյուս վտակի` Վաչագանի վարարումից բավականին վնասներ է կրել Կապան քաղաքի թաղամասերից մեկը, որտեղ այս պահին դեռ կատարվում են փողոցների մաքրման եւ ավերածությունների հետքերի վերացման աշխատանքներ:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ