Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Չուգասզյան. «Գործող ընտրական պրոցեսները ուրիշ սկզբունքով են կառուցված, բայց կազինոյում անիմաստ է գաղափարներից խոսել»

Մայիս 23,2012 14:53

Այսօր «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը ներկայացրեց «Այլընտրանքային ընտրությունների միջոցով իշխանափոխության եւ նոր Հանրապետության հիմնադրման Ճանապարհային քարտեզի» նախագիծը: Չուգասզյանի ձեւակերպմամբ՝ չակերտներում ասված, վերջին խորհրդարանական ընտրություններն ապացուցեցին, որ վարչախումբը կատարելագործելով ընտրություններ կոչվող գործընթացի կեղծման մեխանիզմները, ոչ մի հնարավորություն չտվեց հասարակությանը՝ դասական միջոցներով իրականացնել իշխանափոխություն եւ նոր համակարգի ձեւավորում: Այդ իսկ պատճառով՝ «անհետաձգելի շրջադարձն այլընտրանքային միջոցներով իրականացնելու անհրաժեշտությունը վաղուց հասունացել է»:

«Սարդարապատի» եւ հասարակության տարբեր անհատների կողմից քննարկումների արդյունքում ստեղծվել է «Այլընտրանքային ընտրությունների միջոցով իշխանափոխության եւ նոր Հանրապետության հիմնադրման Ճանապարհային քարտեզի» նախագիծը, ինչը տեղադրված է նաեւ Facebook-ում:

Չուգասզյանի փոխանցմամբ՝ ճանապարհային քարտեզի նպատակն է Հայաստանում հասնել լեգիտիմ եւ անցնցում իշխանափոխության. «Գործընթացը պայմանականորեն բաղկացած է լինելու երկու փուլից՝ լեգիտիմության չհավակնող նախախորհրդարանի կազմավորման ու գործունեության փուլից, որի առաքելությունը կլինի մասնագիտական եւ հանրային բաց մասնակցության ձեւաչափով մշակել, հաստատել ապագա Հայաստանի պատկերացումը: Եվ երկրորդը՝ պետք է կազմավորվի ներկայացուցչության ավելի բարձր աստիճանով ներկայացվող Հիմնադիր խորհրդարանը, որը քաղաքացիների հետ պայմանագրերի ստորագրությամբ ձեռք կբերի ամբողջական լեգիտիմություն եւ կիրականացնի անցնցում իշխանափոխություն»:

Ըստ Չուգասզյանի՝ առաջին փուլը, այսինքն՝ նախախորհրդարանի ստեղծումը, կարելի է նմանեցնել բրիտանական իրականության մեջ գործող ստվերային կառավարությանը, միայն այն իմաստով, որ սա գործում է խորհրդարանից դուրս, այսինքն՝ այս մարմինը չի ձգտում լեգիտիմության, բայց զբաղված է խորհրդարանական գործունեությամբ:

Բանախոսը հավելեց. «Այս նախաձեռնության համար սկզբունքային նշանակություն է ներկայացնում համահայկականության սկզբունքը: Պետական ներկայացուցչական եւ գործադիր մարմիններում պաշտոնավարության պայմանը հայրենաբնակությունն է լինելու: Ես համոզված եմ՝ սա ամենահավանական տարբերակն է Հայաստանում անցնցուն իշխանափոխություն իրականացնելու»:

Չուգասզյանի կարծիքով՝ ճանապարհային քարտեզի առաջարկը շատերին կհետաքրքրի, քանի որ առանց գաղափարների հասարակություններ չեն լինում. «Ուրիշ հարց է, որ մեր ընտրական գործընթացները կառուցված չեն գաղափարների վրա: Իսկ եթե մենք ունենանք այլընտրանքային ընտրական պրոցես, որը գաղափարներ կներառի, ապա այնտեղ անպայման հետաքրքրություն կլինի: Իսկ այսօրվա գործող ընտրական պրոցեսները ուրիշ սկզբունքով են կառուցված: Կազինոյում անիմաստ է գաղափարներից խոսել: Բոլոր այն միամիտ ընդդիմադիրները, որոնք կարծում են, թե իրենց օգգ-ն զրոյից բարձր կարող է լինել ներկայիս գործող Ազգային ժողովում, կոչ եմ անում ուշադիր լինել այս այլընտրանքային քաղաքական պրոցեսի նկատմամբ: Կան որոշ ազնիվ քաղաքական գործիչներ, օրինակ՝ Զարուհի Փոստանջյանը, որոնք դեռ հույս ունեն, որ այս Ազգային ժողովում ինչ- որ բանի կարող են հասնել…»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031