Օրերս նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՀՀԿ-ական վերնախավը մասնակցել են նաեւ ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված գեներալ Մանվել Գրիգորյանի եւ նրա Էջմիածնի քաղաքապետ որդու՝ Կարեն Գրիգորյանի կազմակերպած հետընտրական խնջույքին: Այն տեղի է ունեցել Էջմիածին-Զվարթնոց հատվածում գտնվող «Դավիթնոց» ռեստորանում: Խնջույքին մասնակցել են նաեւ մարզի դպրոցների այն տնօրենները, ովքեր եղել են ընտրական հանձնաժողովների նախագահներ եւ ՀՀԿ-ի համար բարձր ձայներ են ապահովել: Ասում են, նախագահը իրեն բավականին անկաշկանդ է պահել, կենացներ է ասել, պարել է, անգամ որոշ տնօրենների հետ առանձնազրույցի է բռնվել:
Խնջույքին ներկա չի եղել Արմավիրի մարզի թիվ 20 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ՀՀԿ-ի կողմից պատգամավոր ընտրված Հրանտ Գրիգորյանը՝ Մանվել Գրիգորյանի եղբորորդին: Վերջիններիս հարաբերությունները դեռ մնում են լարված, չնայած, նրանք արդեն միեւնույն քաղաքական դաշտում են: Հիշեցնենք, որ 2008-ի նախագահական ընտրություններից հետո, երբ գեներալ Մանվել Գրիգորյանն առավել կրավորական կեցվածք ընդունեց, իսկ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ գեներալ Մանվելն իր ու ժողովրդի հետ է, Հրանտ Գրիգորյանը հրապարակային հավատարմություն հայտնեց ՀՀԿ-ին, հորեղբորն էլ հրապարակային «դասեր տվեց»:
Իսկ վերջին խորհրդարանական ընտրությունների քարոզարշավային իր այցի ընթացքում, Էջմիածնում, նախագահ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց գեներալներ Մանվել Գրիգորյանին ու Սեյրան Սարոյանին, գովեստի խոսքեր ասաց Մանվել Գրիգորյանի քաղաքապետ որդու՝ Կարեն Գրիգորյանի հասցեին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ