Այս տարի «Հայաստանի նոր անուններ» պատանի երաժիշտ- կատարողների փառատոնը կմեկնարկի մայիսի 29-ին ու կավարտվի հունիսի 1-ին` Երեւանում: Փառատոնի կազմակերպիչ «Մշակույթի գործիչների ընկերակցության» նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյանն այսօր մշակույթի նախարարությունում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց, որ փառատոնին մասնակցելու են մինչեւ 18 տարեկան շուրջ քառասուն պատանի երաժիշտներ` ինչպես աշխարհի տարբեր երկրներից, այնպես էլ հանրապետության երաժշտական տարբեր կրթօջախներից: Նրանք կներկայացնեն ինչպես նվագախմբային, այնպես էլ մենանվագ կատարումներ: «Սա երաժշտության տոն է: Մենք չենք ցանկանում այն վերածել մրցակցության»,- ասում է տիկին Մեքինյանը:
Երաժշտագետ Նոնա Ոսկանյանն էլ կարծում է, որ այս փառատոնը հնարավորություն կտա ուրիշ երկրում գտնվող մեր հայրենակիցներին ավելի մոտեցնել հայրենիքին. «Հայազգի պատանիների՝ Հայաստան գալու ցանկությունը շատ մեծ է: Դասական երաժշտության միջոցով ցանկանում ենք կրթել երիտասարդ սերնդին»:
«Մենք հայ ենք, տաղանդավոր ենք, ուժ ենք»՝ տիկին Մեքինյանի խոսքերն են: Ասում է` դասական երաժշտության մակարդակը, պահանջարկը պետք է բարձրացվի, ու դրա համար ամեն օր պետք է աշխատել:
Բացման համերգի ժամանակ նախատեսվում է անակնկալ: Իսկ թե ինչպիսի՞, բանախոսները չբարձրաձայնեցին:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ