Լրահոս
Օրվա լրահոսը

Սպառնացել են հրապարակել Նազելիի մերկ լուսանկարները

Մայիս 23,2012 14:18

ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է 2 դատապարտյալների կողմից շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ  հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է  մեղադրական եզրակացությունը:

Ըստ Genproc.am-ի՝ նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Ս. Սիմոնյանը, ով 2005 թվականին դատապարվել է 8 տարվա ազատազրկման եւ իր պատիժը կրում է «Սեւան» քրեակատարողական հիմնարկում, 2009թ. հունվարին, այսինքն` պատիժը կրելու ժամանակ, նույն ՔԿՀ դատապարտյալներից մեկի միջոցով իմանալով ոմն Նազելիի հեռախոսահամարը, ներկայացել է որպես վերջինիս համադասարանցի: Նազելին, համոզված լինելով, որ շփվում է իր համադասարանցու հետ, իր լուսանկարներից մի քանիսն ուղարկել է քրեակատարողական հիմնարկ:

Այնուհետեւ 2009թ. մայիս ամսվա ընթացքում Ս. Սիմոնյանը Նազելիից գումար է պահանջել` նրան արատավորող տեղեկությունների եւ իրենց կապի ու հարաբերությունների մասին Նազելիի  ամուսնուն եւ հարազատներին չհայտնելու, իր մոտ եղած լուսանկարները վերջիններիս չուղարկելու դիմաց:

Բացի այդ, Ս. Սիմոնյանը,  Նազելիից շորթում կատարելու շուրջ համաձայնության գալով նույն քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող,  դատապարտյալ Ա. Աբրահամյանի հետ,  2012թ. հունվարի 8-ից 25-ն ընկած ժամանակահատվածում բջջային հեռախոսով odnoklassniki.ru կայքում Նազելիի անհատական էջում վերջինիս արատավորող նամակագրության եղանակով, իսկ Ա. Աբրահամյանը` հեռախոսազրույցների միջոցով, սպառնացել են նրան արատավորող  կեղծ տեղեկություններ հրապարակել:

Այն է` վերոհիշյալ կայքում Նազելիին վերաբերող սեռական բնույթի հաղորդագրություններ հրապարակել, ինչպես նաեւ` վերջինիս` համացանցում առկա ընկերների շրջանում տարածել նրա մերկ լուսանկարները:

Նշված տեղեկությունները չհրապարակելու եւ չտարածելու դիմաց 2012թ. հունվարի 13-ից 25-ն ընկած ժամանակահատվածում Ս. Սիմոնյանը եւ Ա. Աբրահամյանը Նազելիից պահանջել են 250 000 դրամ գումար:

Բացի այդ, Ա. Աբրահամյանը «Սեւան» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում` 2011թ. հոկտեմբերի 5-ից 21-ն ընկած ժամանակահատվածում եւս 4 անձանց հետ հեռախոսազրույցների եւ համացանցի` odnoklassniki.ru կայքի միջոցով շփման ընթացքում, շորթում կատարելու դիտավորությամբ, արատավորող տեղեկություններ եւ մերկ լուսանկարներ տարածելու սպառնալիքով պահանջել եւ ստացել է տարբեր չափերի հասնող գումարներ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Ս. Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ Ա. Աբրահամյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով եւ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Քրեական գործն ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան`  ըստ էության քննելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031