Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանեքենին հագցնել-կանգնեցնելը դեռ դիզայն չէ»

Մայիս 23,2012 13:55

Հավաստիացնում է գեղանկարիչ, դիզայներ Շամիր Շահիրյանը

Գեղանկարիչ, դիզայներ Շամիր Շահիրյանը 1980-ականների կեսերին ստեղծագործական գործունեությունը սկսել է ոչ միայն նկարչության, այլեւ Մնջախաղի թատրոնում դերասանական աշխատանքով: ՀՀ նկարիչների միության անդամ չլինելու պարագայում անգամ 1987-ին համամիութենական ցուցահանդեսում նրա «Պատուհան» կտավը գնվել է: Տարիների ընթացքում արվեստագետի գործունեության հիմնական ուղղությունը դարձավ դիզայներական աշխատանքը, որոնցում պահպանվեց բեմին քաջածանոթի մտածողությունը: Հավանաբար դա էր պատճառներից մեկը, ինչպես նաեւ արտիստական ընտանիքի որդի լինելու հանգամանքը (սիրված դերասանուհի Էվելինա Շահիրյանի զավակն է), որ Շամիրը ավելի շատ դիզայներական  ձեւավորումներ իրականացրեց հեռուստատեսությունում («Հայրենիք», «Հ1» եւ այլն) եւ բեմում, այսինքն՝ այն միջավայրերում, որտեղ հանդես են գալիս արտիստները: Վերջիններիս բնորոշմամբ՝ հարմար է հանդես գալ այն միջավայրում, որտեղ նախագծում, ձեւավորում եւ իրականացնում է  բազմաշնորհ արվեստագետը:

Օրերս սեփական դիզայներական լուծումներով 1995թ. ստեղծված Երգի պետական թատրոնում՝ 50-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին ներկայացավ Շամիր Շահիրյանը: Նա վերջերս էլ ստանձնել է Երեւանի Մնջախաղի պետական թատրոնի գլխավոր նկարչի պաշտոնը: Այս օջախում 2005թ. Ժիրայր Դադասյանի ռեժիսուրայով եւ  Շ. Շահիրյանի նկարչական ձեւավորմամբ բեմադրված  «Շերանիկ» ներկայացումը ընդամենը ամիսներ անց Սիբիուի (Ռումինիա) միջազգային փառատոնում որակվեց որպես հայկական ազգային թատերական նմուշ: Բեմադրությունը պատկերում է Անի մայրաքաղաքի կենցաղը՝ ըստ Հաղպատի ավետարանի, հետեւաբար այն իրականացվել է վերջինիս մանրանկարների մոտիվներով: Այս աշխատանքը ուշադրության արժանացավ նաեւ Եկատերինբուրգում եւ այլուր, ուր հիշատակվում էր բարձրարվեստ նկարչի անունը: «Առավոտի» առաջին հարցը հետեւյալն էր՝ արդեն ինքնուրույն ձեռագիր ունեցող թատրոնում ի՞նչ «վերափոխումներ» է պատրաստվում կատարել մասնագետը. «Գլխավոր նկարչի պարտականությունն է զբաղվել ոչ միայն բեմադրական, այլեւ այլ հարցերով՝ սկսած թատրոնի իմիջից»:

Ծանոթ լինելով արվեստագետի գործունեությանը, դիմեցինք նրան՝ եզակի մասնագետներից եք, ով 1980-ականների կեսերին աշխատել է մեզանում միակ գովազդային ձեռնարկությունում՝ «Հայառռեկլամում», խնդրում ենք զուգահեռներ անցկացնել այն տարիների եւ վերջին շրջանի դիզայներական ոլորտների միջեւ: «Խորհրդային տարիներին մասնակցել ենք նաեւ Բուդապեշտում կայացած դիզայներների միջազգային մրցույթին: Վերադարձել ենք գլխավոր մրցանակով, նույնիսկ օրիգինալ դիզայներական աշխատանքի համար սահմանված պարգեւով: Այն տարիներին միջազգային ասպարեզում կար դիզայներների հայկական դպրոց ասվածը, ինչը, ցավոք, այսօր, ուղիղ ասած՝ չկա»,- հայտնեց Շամիր Շահիրյանը: Խնդրանքին՝ մանրամասնել վերջին միտքը, մեր զրուցակիցն ասաց. «Կոնկրետ իմ աշխատանքը խորհրդային տարիներին Սայաթ-Նովայի  պողոտայում գտնվող ձայնապնակների «Տավիղ» խանութն էր: Ընկերներիս հետ աշխատել եմ այն տարիներին  հայտնի գեղարվեստի սրահում, որ տեղակայված էր Թումանյան փողոցում… Մեր հիմնական աշխատանքը ցուցափեղկերի ձեւավորումն էր: Այսօր բրենդային կոչվող խանութներում չենք տեսնի դիզայներական աշխատանք՝ մանեքենին հագցնել եւ ցուցափեղկում  կանգնեցնելը դեռ դիզայն չէ»: Իսկ թե ինչպես է վերաբերվում ինտերիերի դիզայներական մոտեցմանը, ինչն աշխարհում ամենաթանկ համարվողն է, Շամիրը նախ մեջբերեց իր հասցեին հնչող ընկերների խոսքը՝ «ահավոր սկզբունքային ես…», հետո էլ հավելեց. «Իսկապես վճարը բարձր է, բայց չեմ կարող զոհ գնալ պատվիրատուի ճաշակին ու հրահանգներին, դրա համար էլ ինտերիերով չեմ զբաղվում»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031