Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ուսերից բռնեցի ու ապտակեցի նրա քիթ-բերանին»

Մայիս 23,2012 13:47

45-ամյա տաշիրցու «ապտակը» խլել է կնոջ կյանքը

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ, ընթանում է Տաշիր քաղաքի բնակիչ, ազգությամբ եզդի Սերգեյ Ախմեդովի դատաքննությունը:

45-ամյա Ախմեդովը մեղադրվում է կնոջը՝ Նատալյա Մովսիսյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ, ինչը անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերգեյ Ախմեդովը իր տան բակում կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանության ընթացքում մի քանի անգամ ձեռքով հարվածներ է հասցրել կնոջ դեմքին եւ գլխին՝ դիտավորությամբ պատճառելով վերջինիս առողջությանը ծանր վնաս: Արդյունքում՝ Նատալյա Մովսիսյանը դեպքից 12 օր անց ներգանգային հեմատոմայից մահացել է «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում:

Հակառակ սրան՝ Սերգեյ Ախմեդովը պնդում է, որ իր հասցրած ապտակը չէ կնոջ մահվան պատճառը. կինը տան աստիճաններից վայր է ընկել, ինքն էլ, ընտանեկան հանգամանքներից ելնելով, կարծել է, թե նա խուսափում է իրեն օգնելուց՝ այդ օրը մահացած մոր հանդերձանքը կարգի բերելու գործում, ուսերից բռնելով մեկ անգամ հարվածել է կնոջը:

«Ուսերից բռնեցի ու ապտակեցի նրա քիթ-բերանին, էլ ոչ մի բան չեմ արել, աստիճաններից ընկնելուց է վնասվել»,- դատարանում բացատրում էր Ախմեդովը՝ ափսոսանք հայտնելով կնոջ մահվան կապակցությամբ:

Ախմեդովի փաստաբան Ալեքսանդր Ծատինյանը, չմերժելով իր պաշտպանյալի կողմից կնոջը մեկ անգամ հարվածելու հանգամանքը, պնդում է, որ Նատալյա Մովսիսյանի մահը վրա է հասել ոչ թե ամուսնու պատճառած վնասի հետեւանքով, այլ տուժողի հետագա գործողություններն են մահվան պատճառ դարձել:

«Նա հրաժարվել է բուժում ստանալուց, բացի դրանից՝ բուժումը ստանալու ընթացքում օգտագործել է ալկոհոլի մեծ քանակություն: Բնականաբար, նման պայմաններում հնարավոր չէր, որ նա արդյունավետ բուժում ստանար, հետեւաբար՝ իմ պաշտպանյալը մեղավոր չէ կնոջ մահվան համար»,- բացատրում է Ա. Ծատինյանը:

Նա առաջադրված մեղադրանքը անհիմն է համարում:

Փաստաբանը ուշադրություն է հրավիրում Նատալյա Մովսիսյանի մահվան կապակցությամբ կատարված փորձաքննությանը:

Համաձայն փորձաքննության տվյալների՝ Նատալյա Մովսիսյանը «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ ընդունվելու հաջորդ օրը ինքնակամ դուրս է գրվել, արդյունքում՝ բուժանձնակազմը զրկվել է բազմակողմանի հետազոտությունների եւ մահվան պատճառը պայմանավորող հիմնական մարմնական վնասվածքը՝ ներգանգային հեմատոման հայտնաբերելու հնարավորությունից:

«Տեսականորեն կարելի է նշել, որ եթե հիվանդ Մովսիսյանը ինքնակամ չհեռանար հիվանդանոցից, գտնվեր բժիշկների դինամիկ հսկողության տակ, հայտնաբերվեր հեմատոման, ապա չի բացառվում, որ ժամանակին կատարված վիրահատությամբ հնարավոր լիներ փրկելու նրա կյանքը»,- նշված է կատարված փորձաքննության հետեւության բաժնում:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031