«Առավոտ» օրաթերթի մայիսի 18-ի համարում հրապարակված «Գազի հաշվիչը մի քանի փողոց այն կողմ են փակցրել» հոդվածի առնչությամբ, որտեղ մասնավորապես անդրադարձել էինք Ջրվեժի մի բնակչի բողոքին, թե՝ գազի տեսուչը հաշվիչը հանել է եւ մի քանի փողոց այն կողմ է տեղադրել, ինչի պատճառով էլ բաժանորդը չի կարողանում հետեւել գազի հաշվիչի ցուցմունքին, «ՀայՌուսգազարդ» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայությունից «Առավոտին» հայտնում են. «Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 12-րդ նրբանցքի 8-րդ տունը գազիֆիկացվել էր 2008 թվականին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված նրբանցքում գործող գազատար չի եղել, Անատոլյա Խաչատրյանի տունը գազիֆիկացվել է զուգահեռ փողոցում գտնվող գազատարից եւ նշված տան մուտքագիծն անցնում է երկու տնամերձ հողատարածքների միջով: Հավանական վթարներից եւ բնական գազի կորուստներից խուսափելու նպատակով գազահաշվիչը տեղադրվել է սահմանազատման կետում»:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Աբովյանի ԳԳՄ-ի աշխատակիցները մայիսի 18-ին այցելել են Ջրվեժ գյուղ՝ տեղում ուսումնասիրություններ կատարելու նպատակով: Հաշվի առնելով Ա. Խաչատրյանի առողջական վիճակը՝ «ՀայՌուսգազարդն» ընդառաջել է նրա խնդրանքին, եւ գազահաշվիչը տեղափոխվել է բաժանորդի առանձնատան մոտ:
«Առավոտ» օրաթերթ