Մի քանի օր է՝ Գյումրիից Երեւան ուղեւորվող միկրոավտոբուսները կայանում են ոչ թե մայրաքաղաքի Կիլիկիա թաղամասում գտնվող ավտոկայանում, այլ երթուղային կայարանի մերձակայքում՝ Սեւան փողոցում: Սա անակնկալի է բերել ու ինչ-որ տեղ զայրացրել է գյումրեցի ուղեւորներին, քանի որ փոփոխությունը, ըստ նրանց, կատարվել է հասարակությանն առանց նախապես իրազեկելու: Օրինակ՝ երեկ նրանցից մեկը հասել է ավտոկայան՝ Գյումրի ուղեւորվելու համար, սակայն տեսել է, որ հանել են ցուցանակը, այստեղ անգամ չեն բարեհաճել տեղեկացնել, թե որտեղից կարելի է նստել Գյումրու միկրոավտոբուսը: Ինչպես մեր զրուցակիցը դժգոհեց, ընդհակառակը՝ տաքսու վարորդները առիթը բաց չեն թողել մոլորված ուղեւորներից բավականին մեծ գումարներ աշխատելու:
Այս փոփոխության առնչությամբ արդեն բուռն քննարկումներ են գնում, եւ Facebook սոցիալական կայքի գյումրեցի օգտատերերն էլ հարցը քաղաքականացրել են: Նկատի ունենալով, որ Գյումրի-Երեւան երթուղին սպասարկող կազմակերպություններից մեկը՝ «Տրանս ակնթարթ» ՍՊԸ-ն, պատկանում է ԱԺ պատգամավոր, ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Մարտուն Գրիգորյանի ընտանիքին, իսկ այս պատգամավորը վերընտրվեց երկրորդ անգամ՝ հաղթելով «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր ՀՀԿ-ական Արման Սահակյանին, գյումրեցիները գրում են. «Շիրակի մարզի սիրելի բնակիչներ, այժմ արդեն Երեւանից վերադառնալիս Երեւանի ավտոկայարանում Գյումրի մեկնող երթուղային տաքսի մի փնտրեք, միայն Գյումրիի «Տրանսակնթարթին» պատկանող գազելների կանգառը Երեւանում տեղափոխել են երկաթուղային կայարանից ավելի հեռու՝ Սեւանի փողոց: Գուցե պատճառը մեր գազելների ժամկետանց լինե՞լն է, ասենք՝ շատ հին են ու հիմնականում ոչ սարքին, կամ սա առաջին պատժամիջոցի կիրառո՞ւմն է ոչ իշխանամետ գյումրեցիների նկատմամբ»: Մեկ այլ օգտատեր էլ դժգոհել է, թե ինչո՞ւ են նորից կուժն ու կուլան գյումրեցիների գլխին կոտրում եւ այլն:
«Առավոտը» կապի եւ տրանսպորտի նախարարության մամլո քարտուղար Սուսաննա Տոնոյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են Գյումրիի «գազելների» կայանատեղին ավտոկայանից տարել, հասցրել Սեւանի փողոց, ինչին ի պատասխան՝ նա տեղեկացրեց, որ կայարանից ուղեւորահոսքը շատ է, այստեղից մետրոյի առկայության պայմաններում ուղեւորներին ավելի մատչելի կլինի երթեւեկել: Մեր այն դիտարկմանն էլ, թե այստեղ քաղաքական ենթատեքստ չկա՞, գյումրեցիները քաղաքականացնում են տեղափոխումը, Սուսաննա Տոնոյանն ասաց, որ Գյումրին բացառություն չէ, Գյումրիից բացի՝ փոխել են նաեւ այլ տեղանքների միկրոավտոբուսների կայանատեղին:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ