Լրահոս
Օրվա լրահոսը

Կարկուտը գյուղացիների «տունը քանդել է»

Մայիս 23,2012 13:32

Գյուղապետերի խոսքերով՝ ՀՀ կառավարությունն էլ չի պատրաստվում օգնության ձեռք մեկնել

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ընտրություններից առաջ ջանք ու եռանդ չէր խնայում գյուղացիների սիրտը շահելու համար ու համոզելու, որ ընտրեն իր կուսակցությանը՝ ՕԵԿ-ին, խոստանալով գյուղերը շենացնել, գյուղացու հոգսն էլ՝ թեթեւացնել: Այս օրերին նախարարը նույն ջանասիրությամբ անտարբերության է մատնել կարկտահարված համայնքները: Վերջին օրերին Սյունիքի մարզի մի շարք գյուղեր ուժեղ կարկուտների պատճառով բավականին մեծ վնասներ կրեցին: «Առավոտի» հետ զրուցած բոլոր գյուղապետերը միաբերան վստահեցրին՝ գյուղնախարարությունից ոչ ոք, նույնիսկ ձեւի համար, ոտք չի դրել իրենց համայնքները:

Դեռ վերջնական չհաշվարկած նախորդ կարկտահարության վնասների ծավալը՝ երեկ առավոտյան Սյունիքի որոշ գյուղերում կրկին ուժեղ կարկուտ է տեղացել եւ հողին հավասարեցրել գյուղացու բերքը:

Գյուղապետերի խոսքերով՝ «բնությունն այնպիսի աղետ է բերել գյուղացու գլխին», որ երբ զանգահարում էինք որեւէ գյուղապետի, նա մեզ հորդորում էր զրուցել նաեւ մեկ այլ՝ ավելի շատ տուժած համայնքի ղեկավարի հետ:

«Առավոտի» հետ զրույցում Սյունիքի մարզի Շվանիձոր համայնքի ղեկավար Հովհաննես Օհանյանն ասաց, որ երեկվա կարկուտի ու հեղեղի արդյունքում գյուղի տնտեսությունների կեսից ավելին տուժել է՝ խաղողի այգիներից գրեթե բան չի մնացել, նռնենիների ծաղիկներն ամբողջությամբ գետնին են թափվել, պակաս չեն վնասվել նաեւ թզենիներն ու մյուս պտղատու ծառերը: Պարոն Օհանյանի ներկայացմամբ՝ հեղեղի պատճառով գյուղի ամբողջ ոռոգման ցանցը վնասվել է. «Սելավը մտել է 3 տուն, 3 կամազ ցեխախառն ջուր էինք տներից հանում, վերմակները ջրի վրա լողում էին: Նուռ, թուզ կառալյոկ. բան չի մնացել: Իմ այգու կարտոֆիլը ծաղկած էր, պիտի հանեինք՝ ուտեինք, էն էլ էսօր կավը լցվել է, սաղ քշել-տարել»: Մեր այն հարցին, թե մոտավորապես որքան կկազմի վնասը, համայնքապետը պատասխանեց՝ «Անընդհատ էլ նման բան լինում է: Էս տարիների ընթացքում ես բոլոր պետական մարմիններին ներկայացրել եմ՝ ոչ մի բան էլ չեն անում: Մենք լրիվ պրոբլեմների մեջ ենք: Այ ցավդ տանեմ, պետության կողմից ոչ մի բան չի եղել, չի լինի, էդքան բան, դուք պատկերացնո՞ւմ եք՝ մարդիկ ոնց են լաց լինում»:

Եթե մյուս համայնքների նման այս գյուղերն էլ ունենային հակակարկտային կայաններ, որքանո՞վ դրանք կապահովագրեին նման իրավիճակներից՝ հարցին գյուղապետը պատասխանեց. «Ես կառավարությանն առաջարկել եմ՝ 2 գյուղերը՝ Շվանիձորն ու Ալվանքը, իրար շատ մոտ են՝ 2 հատ սարի վրա դնում են՝ հարցերը լուծվում են, բայց դե, ո՞վ է մեզ բանի տեղ դնում»:

Նույն կարծիքի է նաեւ կրկին կարկտահարությունից տուժած Ալվանք գյուղի ղեկավար Վարուժան Թումանյանը: Նրա խոսքերով՝ «Ե՞րբ են Մեղրիին հաշվի առել, որ հիմա էլ բանի տեղ դնեն: Ոչ ոք հույս չունի, որ կառավարությունը կօգնի: Իսկ էդ հակակարկտային կայանների երգը մենք վաղուց ենք երգել, բայց ոչ մեկը չի լսում: Անցյալ տարի ձմռանը ցրտահարվեց, էլի ոչինչ չարեցին, մի քանի տարի առաջ նույն ձեւի կարկուտ եկավ, ոչինչ չարեցին: 2003-ից մինչ օրս նման բաներ հաճախակի են լինում, բայց ոչ մի անգամ չեն օգնել»:

Կապանի տարածաշրջանի Ճակատեն գյուղն ամենաշատն է տուժել: Վերջին 3 կարկտահարությունների ժամանակ եթե մյուս համայնքներում միշտ չէ, որ վնասներ են եղել, ապա այս համայնքում,  ինչպես ասում են՝ «կարկուտը ծեծած տեղն է ծեծում», 3 անգամ էլ հացահատիկի՝ հեկտարներով դաշտերը կարկտահարվել են: Գյուղապետ Արծրունի Հարությունյանի խոսքերով՝ ամեն տարի գյուղը կարկուտից տուժում է. «Գարնան բերանը սիրուն ծաղկում ա, ասում ենք՝ վա՜յ, ինչ լավ ա, ի՜նչ բերք ունենք, բայց մեկ էլ կարկուտը սաղ հողին ա հավասարեցնում: Էսօր ծառերի վրայի խնձորը կարկուտը կիսել ա՝ թափել, ճյուղերի կաշին հանել ա, դաժե ծառ կա, որ կարող ա չորանա ու դառնա վառելիք, էդ աստիճանի վնաս է հասցրել»:

Պարոն Հարությունյանի ներկայացմամբ՝ առաջին կարկուտի ժամանակ՝ մայիսի կեսերին, համայնքի 25 հեկտար հացահատիկի դաշտերն են փչացել, իսկ 2-րդ, 3-րդ կարկուտների ժամանակ՝ ամբողջ գյուղի բանջարաբոստանային կուլտուրաները. «Ամեն մի տունը հեչից 150 հազար դրամի վնաս ա կրել: Էլ չեմ խոսում պտղատու ծառերի վնասներից: Մեր հույսն ու հավատը մեր բախչեն է, սաղ ջահելությունը քոչում է, մեծերն էլ մեռնում են՝ դռները փակվում են հավերժ, եղանակն էլ հերներս անիծում է: Հուսահատված վիճակ է, սահմանամերձ գյուղերին ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում: Եթե 5 տարի էլ սենց շարունակվի, կարող է գյուղում մի 10 շունչ էլ չլինի»: Կառավարությունն այն աստիճանի անլուրջ է վերաբերվում այս ամենին, որ գյուղացիներն ու գյուղապետը, ինչպես ինքը վստահեցրեց, անձամբ են տեսանկարահանել վնասված ծառերը, որպեսզի կառավարության հետ խոսեն ապացույցներով ու փաստերով:

Կոռնիձոր համայնքում էլ մեծ մասամբ տուժել են հացահատիկի ցանքատարածքները: Գյուղապետ Սուրեն Սիմոնյանը վստահեցրեց, որ առայժմ չեն հաշվարկել պտղատու այգիների վնասները, եթե դրանք էլ հաշվարկեն, ապա գյուղը մոտ 90 միլիոն դրամի վնաս է կրել: Չնայած մարզպետարանի հանձնաժողովը տեղում ստուգել է, սակայն, գյուղապետի խոսքերով՝ նամակ են ուղղել կառավարությանը. «Խնդրել ենք  գան, իրենց աչքով տեսնեն ամեն ինչ: Մարդիկ էդքան ներդրում են արել՝ վառելիք, սերմ, պարարտանյութ, էդ սաղ կարկուտը տարավ, բայց ոչ էլ հույս ունենք, որ մեզ կօգնեն»:

Կարկուտը կոռնիձորցիների «տունը քանդել» է: Գյուղացիները կառավարության ծրագրով, այսպես ասած՝ վերադարձության հացահատիկ էին ստացել եւ, ըստ պայմանագրի, բերքը ստանալուց հետո պետք է կառավարությանը վճարեն 1 կիլոգրամի դիմաց 160 դրամ: «Պատկերացնո՞ւմ եք, 27 տոննայի գումար պիտի վճարենք, 2-րդ ծրագրով էլ՝ 1/2 հարաբերակցությամբ էլիտար հացահատիկի սերմացուն պիտի վերադարձնեինք, բայց բերք չենք ստացել: Սա աղետ էր, չգիտեմ՝ ինչ է լինելու սրա վերջը»: Ինչ վերաբերում է հակակարկտային կայաններ տեղադրելուն, ապա սրա վրա էլ հույս չեն դնում. «Միայն Արարատյան դաշտավայրի վրա են ուշադրություն դարձնում: Այնտեղ էդ կայանների շնորհիվ գոնե վնասները քիչ են լինում»: Մեզ հետ զրուցած Նռնաձորի եւ Խնձորեսկի գյուղապետերը վստահեցրին, որ թեեւ իրենց համայնքներում մեծ ծավալների չեն հասել վնասները, բայց նրանք էլ հույս չունեն, որ կառավարությունը փոխհատուցում կտրամադրի:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031