Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունն ու ոստիկանությունը խրախուսո՞ւմ են հարձակումները

Մայիս 23,2012 13:22

Իրավապաշտպանը պահանջում է պատժել հարձակում կատարողներին եւ դա խրախուսողներին

Մայիսի 21-ին DIY բարի վրա ծայրահեղ ազգայնականների հերթական հարձակման փաստով ՀՀ ոստիկանությունում նախաքննություն է ընթանում: Ոստիկանությունը երեկ սկսել է հսկողություն իրականացնել բարի մոտ: Նախօրեին էլ երիտասարդ ազգայնականների մի խումբ էլ հարձակվել էր մշակութային բազմազանության օրվան նվիրված երթի մասնակիցների վրա՝ հայտարարելով, թե դա «գեյ-պարադ» է ու  վանկարկելով՝ «մահ ոսոխին» եւ «զիգ-հայլ» եւ այլն:

Վերջին օրերին մեծ աղմուկ հանած եւ միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում հայտնված այս հակադրության շուրջ «Առավոտը» զրուցեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ եւ իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի հետ: «Ես՝ որպես քաղաքացի, որպես իրավապաշտպան, դատապարտում եմ DIY բարի վրա, նաեւ երթի մասնակիցների դեմ կատարվող հարձակումներն ու միացել եմ նաեւ  հասարակական կազմակերպությունների այն հայտարարությանը, որով դատապարտվել են Գյումրիի «Ասպարեզ»  ժուռնալիստների ակումբի, նաեւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նկատմամբ կատարված հարձակումները, որոնք եղան ադրբեջանական ֆիլմերի ցուցադրության հետ կապված: Մենք բոլոր այս դեպքերում տեսնում ենք պետական մարմինների մասնակցությունը՝ որպես կազմակերպչի: Այն տեսահոլովակները, որ շրջանառվում են համացանցում, թույլ են տալիս կասկածելու առնվազն, որ դա արվում է իրավապահ մարմինների թողտվությամբ կամ հանդուրժողականության պայմաններում՝ եթե ոչ ուղղակի հրահրմամբ կամ պատվերով:  Տպավորություն է, որ կա այդ թողտվությունը: Միանշանակ դատապարտում եմ տեղի ունեցածը, որը դեռ շատ բացասական հետեւանքներ է ունենալու՝ հասարակության ներսում լարվածությունը շարունակելու է մեծանալ ու որեւէ ձեւով չի նպաստելու  Հայաստանի միջազգային վարկին: Կարծում եմ՝ իշխանություններն այստեղ լուրջ անելիք ունեն եւ առաջինը, որ պիտի անեն, պատասխանատվության ենթարկեն հարձակումը կատարողներին, ամեն ինչ  անեն, որպեսզի վերականգնվեն մարդկանց խախտված բոլոր  իրավունքները, այդ թվում՝ սեփականության իրավունքը, գույքին պատճառված նյութական վնասը, նաեւ պիտի պատասխանատվություն կրեն  նրանք, ովքեր խրախուսում են  այս անհանդուրժողականությունը, հարձակումը մարդկանց վրա, ովքեր այլախոհներ են՝ այլ կերպ են մտածում կամ այլ կերպ են ապրում: Իհարկե, ես որեւէ կերպ չեմ պաշտպանում մարմնավաճառությունը, չեմ  կիսում նրանց գաղափարները, բայց նրանք շատ որոշակի իրավունքներ ունեն, նրանց սեռական կողմնորոշումը Հայաստանում քրեորեն պատժելի արարք չէ, եւ հակառակը՝ քրեորեն հետապնդելի են այն հարձակումները, որոնք իրականացվում են DIY ակումբի եւ այնտեղ հաճախող մարդկանց նկատմամբ: Կոնկրետ դեպքում խախտվել է նաեւ այդ մարդկանց անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը, նրանք ենթարկվել են ռիսկի՝ մարմնական վնասվածքներ ստանալու կամ նույնիսկ կյանքին սպառնացող ռիսկի են ենթարկվել, նրանց սեփականության իրավունքն է խախտվել, նրանց տարածքի անձեռնմխելիության իրավունքն է խախտվել: Կարծում եմ՝ այստեղ լուրջ միջամտություն պետք է լինի: Այս մասին մենք ասել  էինք նաեւ «Ասպարեզ» ակումբի եւ  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի վրա կատարված հարձակումների ժամանակ, բայց  դրանք որեւէ հետեւանք չեն ունեցել,  եւ իշխանությունները որեւէ կերպ չեն արձագանքել: Վստահ եմ՝ սա շատ վատ է անդրադառնալու Հայաստանի վրա»,- նկատեց իրավապաշտպանը:

Արտակ Զեյնալյանին՝ որպես արցախյան ազատամարտի մասնակցի, ով բառիս իսկական իմաստով իր արյան ու առողջության գնով ազգ ու Հայրենիք է պաշտպանել, հարցրինք՝ իսկ միգուցե DIY ակումբի, համասեռամոլների դեմ հարձակումներն իրո՞ք ազգափրկիչ ու հանուն Հայաստանի առաքելություն է, գուցե մեր ազգի ու պետության անվտանգությանը այս պահին էլ հենց սեռական կամ կրոնական փոքրամասնություններն ու ադրբեջանական ֆիլմեր դիտե՞լն են սպառնալիք եւ ոչ թե ծաղկող կոռուպցիան, ընտրությունները կեղծելը:

«Ոչ, բոլորովին: Մի քանի օր առաջ հրապարակվեց ադրբեջաներեն դասագիրք: Ողջունելի է դա: Մենք պետք է ճանաչենք մեր հարեւաններին՝ անկախ այն բանից, թե նրանց հետ ինչպիսի հարաբերությունների մեջ ենք գտնվում: Որպեսզի կարողանանք գնահատական տալ ինչ-որ բանի՝ պիտի դա ճանաչենք, տեսնենք, հասկանանք՝ լա՞վն է, վա՞տն է, ինչի՞ համար է: Որքան նրանց լավ ճանաչենք, այնքան նրանք կանխատեսելի կլինեն մեզ համար: Եթե մարդիկ դեմ են այդպիսի միջոցառումներին՝ կարող են չմասնակցել, եթե դեմ են դրան՝ կարող են խաղաղ ցույց անել դրա դեմ, դա նրանց իրավունքն է, միայն խաղաղ ցույց: Բայց այն, ինչ ես տեսնում եմ՝ խաղաղ ցույց չէ, եւ նման վարքագիծ դրսեւորելը ցույց է տալիս կամ բացահայտում է այն հոգեբանությունը, որ սկսել  է ձեւավորվել՝ պարտվողի հոգեբանությունը, ու դա շատ վատ է: Դա պարտվողին բնորոշ վարքագիծ է: Ես տեսել եմ տեսանյութեր, որտեղ  կոչ է արվում հաշվեհարդար տեսնել այն մարդկանց հետ, ովքեր կազմակերպում կամ մասնակցում են այդ դիտումներին: Սա, կարծում եմ, ազգային թշնամանք է, որ սերմանվում է, ինչը Հայաստանի  օրենսդրությամբ արգելված է, բացի այդ՝ դա նաեւ կոնկրետ անձանց դեմ ուղղված հաշվեհարդար տեսնելու  սպառնալիք է, ինչը եւս քրեորեն հետապնդելի արարք է»,- հայտարարեց Զեյնալյանը:

Անդրադառնալով մասնավորապես DIY-ի կամ սեռական փոքրամասնությունների դեմ հարձակումներին՝ նա նկատեց, թե՝ որքան էլ նրանք փոքրամասնություն են, լուսանցքային են, սակայն նրանք եւս պաշտպանված են օրենքով եւ ունեն կյանքի, անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու, խաղաղ հավաքների ազատության իրավունք, եւ նրանց նկատմամբ նման ոտնձգություններն արգելված են հենց ՀՀ օրենքով: «Մենք Սահմանադրությունն ընդունել ենք եւ ամրագրել ենք հենց այդ սկզբունքները»,- հիշեցրեց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031