Լրահոս
Օրվա լրահոսը

«Թե վարչապետը, թե ԱԺ նախագահը լինելու են ՀՀԿ-ից»

Մայիս 23,2012 13:14

Էդուարդ Շարմազանովը պնդում է, որ գործող վարչապետի փոփոխության հարց չի քննարկվել

– Իրականությանը համապատասխանո՞ւմ են մամուլում շրջանառվող այն լուրերը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խնդիր է դրել, որպեսզի վարչապետի պաշտոնն իրեն տրվի:

– Ես չեմ կարծում, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում այնքան միամիտ են, որպեսզի մեր առջեւ նման խնդիր դնեն: Թե վարչապետը, թե ԱԺ նախագահը լինելու են ՀՀԿ-ից:

– Իսկ գործող վարչապետի փոփոխության հարց քննարկվե՞լ է:

– Գործող վարչապետի փոփոխության հարց չի քննարկվել:

– Ամսի 24-ին տեղի ունենալիք ՀՀԿ գործադիր մարմնի նիստում միայն այլ կուսակցությունների հետ հնարավոր կոալիցիայի հա՞րցը կհստակեցվի, թե՞ հնարավոր է նաեւ ուրվագծվի հաջորդ կառավարության կազմը:

– Քանի որ ՀՀԿ գործադիր մարմնի վերջին նիստում որեւէ վերջնական որոշում չկայացվեց, հետեւաբար ամսի 24-ի նիստում կքննարկվի այն հարցերի շրջանակը, որը նախորդ նիստում էր: Ես չեմ բացառում, որ ապագա քաղաքական զարգացումների հետ կապված որոշումներ ընդունվեն, ինչպես նաեւ չեմ բացառում, որ այդ նիստից հետո՝ մինչեւ մայիսի 31-ը, եւս մեկ նիստ հրավիրվի: Կքննարկվեն հետընտրական զարգացումների հետ կապված հարցեր, եւ, բնականաբար, չեմ բացառում, որ կուրվագծվեն ապագա կառավարության եւ ԱԺ-ի պաշտոնների խնդիրները:

– Իսկ նախագահ Սարգսյանի հանդիպումներն այլ կուսակցությունների ղեկավարների, մասնավորաբար, ԲՀԿ առաջնորդի հետ դեռ շարունակվո՞ւմ են:

– Սերժ Սարգսյանն այն քաղաքական եւ պետական գործիչն է, ով միշտ պատրաստ է եղել հանդիպել այլ քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Այնպես չէ, որ մեկ հանդիպում ավարտվեց եւ վերջ: Այդ հանդիպումները շարունակական են լինելու, որովհետեւ նախագահ Սարգսյանը մեր նորագույն պատմության ամենալայնախոհ եւ հանդուրժող գործիչներից մեկն է: Ուստի պետք չէ զարմանալ, որ նախագահը կարող է հանդիպումներ ունենալ այս կամ այն քաղաքական ուժի ղեկավարի հետ: Միաժամանակ, այդ հանդիպումներն ինքնանպատակ չեն, դրանք ուղղված են լինելու երկրի հետագա զարգացումներին: Մայիսի 24-ի նիստից հետո ավելի մանրամասն տեղեկություններ կտրվեն այդ ամենի մասին:

– ԲՀԿ համամասնական ցուցակի 9-րդ հորիզոնականը զբաղեցնող Հմայակ Հովհաննիսյանն օրերս հայտարարել էր, որ կոալիցիա կազմելու հարցը ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ արդեն իսկ հստակեցված է, քննարկվում է ԲՀԿ-ի՝ մի քանի ավելի պաշտոններ ունենալու խնդիրը: Դա այդպե՞ս է:

– Ինձ ԲՀԿ-ից հետաքրքրում է մեկ կարծիք՝ պաշտոնական կարծիքը, որը հնչում է կամ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի, կամ մամուլի խոսնակի շուրթերից: Առայժմ ոչ մեկը, ոչ էլ մյուսը նման հայտարարություն չեն արել: Մնացած բոլոր կարծիքները, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ինչպես նշում է նաեւ ԲՀԿ ղեկավարությունը, խիստ անձնական են:

– «Հանրապետություն» կուսակցությունը եւ Հայաստանի լիբերալ կուսակցությունը լքեցին ՀԱԿ-ը: Դա համարո՞ւմ եք ՀԱԿ-ի պառակտման սկիզբ եւ ինչպե՞ս եք վերաբերվում դրան:

– Ես առհասարակ որեւէ քաղաքական սուբյեկտի ներքին գործերին չեմ վերաբերվում որեւէ կերպ, որովհետեւ դա նշանակում է դատավորի ֆունկցիա ստանձնել: Ես չեմ կարող դատավորի դեր ստանձնել, քանի որ ինքս քաղաքական համակարգի խաղացողներից մեկն եմ: Ուստի ձեռնպահ կմնամ գնահատականներ հնչեցնելուց: Ամեն դեպքում, զուտ մասնագիտական գնահատականս այն է, որ սա գործընթացի սկիզբն է, տարբեր զարգացումներ կարող են լինել, եւ աշնանն ամեն ինչ ավելի հստակ կերեւա: Բայց այն, որ ՀԱԿ-ն իր վարկանիշը կորցրել է վերջին երկու տարիների ընթացքում, մասնավորաբար, Երեւանի ավագանու ընտրություններից հետո, դա փաստ է: Դրա ապացույցն է նաեւ ԱԺ ընտրություններում ՀԱԿ-ի հավաքած 7 տոկոսը:

– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն իրողությանը, որ Երեւանի ավագանու ընտրություններում ՀԱԿ-ն ավելի ծանրակշիռ ներկայություն ունենալով՝ հրաժարվեց մասնակցել աշխատանքներին, իսկ ԱԺ-ում առավել քիչ ներգրավվածությամբ ցանկանում են ազդեցություն ունենալ գործընթացների վրա:

– Պատմական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ քաղաքականության մեջ բոյկոտից մեծապես տուժում է այն քաղաքական ուժը, որը գնացել է բոյկոտի: Մեր նորագույն պատմության շրջանում այդպես եղավ «Արդարություն» դաշինքի հետ, այդպես եղավ «Ժառանգության» հետ, որ մի պահ չեկան պառլամենտ, եւ իրենց թվում էր, թե ամբողջ աշխարհը պետք է իրենց խնդրի, որ գան: Բայց հետո հասկացան, որ իրենց մասին արդեն մոռացել են, եւ ստիպված արդեն վերադարձան: Այդպես եղավ նաեւ ՀԱԿ-ի հետ, երբ բոյկոտեցին Երեւանի ավագանու աշխատանքները, եւ մենք տեսանք, թե երկու տարի հետո դա ինչ տխուր հետեւանք ունեցավ իրենց իսկ արդյունքների վրա: Փաստը հետեւյալն է. հասարակությունը չի սիրում պասիվ, կիսատ-պռատ գործունեություն, հասարակությունը եթե քեզ ձայն է տալիս, դու պետք է գնաս եւ կռիվ տաս քո ձայնի համար այն մարմնում, որտեղ քեզ լիազորել են:

– Նախորդ օրը ՀՀ նախագահը եւ ՀՀԿ վերնախավը Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փարվանա» ռեստորանում նշում էին ՀՀԿ-ի եւ Ալեքսանյանի հաղթանակը խորհրդարանական ընտրություններում: Բոլո՞ր հետընտրական խնջույքներին են նախագահը եւ ՀՀԿ վերնախավը մասնակցել, թե՞ Սամվել Ալեքսանյանի նկատմամբ հատուկ վերաբերմունք կա:

– Մենք հատուկ վերաբերմունք ունենք մեր բոլոր պատգամավորների նկատմամբ, ովքեր որ ստացել են ժողովրդի քվեն: Դա միակ դեպքը չէր, բազմաթիվ դեպքեր են եղել, երբ թե ՀՀ նախագահը, թե ՀՀԿ գործադիր մարմնի անդամները մասնակցել են խնջույքի եւ կիսել են տվյալ համայնքի պատգամավորի եւ հասարակության ուրախությունը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031