Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կազատվե՞նք ռուսական բարդակից

Մայիս 23,2012 13:00

Վասիլի Ակսյոնովի լավագույն՝ «Ղրիմ կղզին» վեպի սյուժեն հիմնված է ֆանտաստիկ ենթադրության վրա՝ ինչ կլիներ, եթե… Այդ թերակղզին իբր 1920 թվականին այդպես էլ չի միանում Խորհրդային Ռուսաստանին եւ զարգանում է կապիտալիստական ճանապարհով: Սակայն 80-ական թվականներին Ղրիմի բնակիչները հասկանում են, որ պետք է, այնուամենայնիվ, միանալ «մայրցամաքի» հետ, եւ այդ միացումը տեղի է ունենում սովետին բնորոշ հախուռն ու անտաղանդ ձեւով: Միանգամից սկսվում են իրարանցում, կարգուկանոնի խզում, հերթեր եւ այլն: Եվ ահա բենզալցակայանում խելոք հերթ կանգնած գլխավոր հերոսի ամերիկուհի կինը ցանկանում է լիցքավորել իր ավտոմեքենան, բայց տեղացիները խցկվում են առանց հերթի՝ ագրեսիվորեն բացատրելով կնոջը, թե իր երկրի հոռի բարքերի ժամանակն անցել է, որ հիմա ոչ մի հերթ էլ չի լինելու՝ ով ուժեղ է, նա՛ է առաջինը լիցքավորելու: Ընդ որում, այդ տեղացիները մի քանի տասնամյակ ապրել են քաղաքակիրթ երկրում, ենթարկվել են օրենքների: Բայց վերադարձավ այն դրվածքը, որին սովոր է նրանց գենետիկ հիշողությունը, եւ մարդիկ կրկին իրենց զգացին հարազատ տարերքում:

Մեր, ինչպես նաեւ նախկին կայսրության այլ ժողովուրդների հարազատ տարերքը ռուսական, ներեցեք կոպիտ բառի համար, բարդակն է, որտեղ կարելի է ապրել «տայգայի» օրենքներով՝ գողանալ իրարից եւ պետությունից, խաբել, «քցել», խցկվել առանց հերթի, անցնել կարմիր լույսի տակ, հպարտանալ սեփական օրինախախտ «շուստրիությամբ», նախանձել ուրիշների՝ ավելի մեծ «շուստրիությանը» եւ գումարած այդ ամենին՝ անընդհատ դժգոհել համընդհանուր բարդակից:

Մեղավորն, իհարկե, իշխանությունն է, որը «ժողովրդի մասին չի մտածում»: Համաձայն եմ: Բայց սովորաբար այդ «մտածելը» մեր քաղաքացիների մեծ մասը հասկանում է որպես աշխատավարձերի, թոշակների բարձրացում, լավագույն դեպքում՝ որպես աշխատատեղերի ստեղծում, վատագույն դեպքում՝ որպես «բարեգործություն» (ինչով իշխանությունն, ի դեպ, 5 տարին մեկ զբաղվում է): Սակայն, իմ կարծիքով, այդ ամենը իշխանության կամ պետության գործը չպիտի լինի: Իշխանության միակ պարտականությունն է կարգուկանոն պարտադրելը բարդակին սովոր ժողովրդին: Բերեմ պարզ՝ Ակսյոնովի նկարագրած դեպքին մի քիչ նման օրինակ: Վերջերս հերթ էի կանգնել մի հիմնարկում, որտեղ հերթը կարգավորվում է հատուկ սարքի միջոցով տրվող թղթիկներով: Ինչ խոսք՝ քաղաքակիրթ ձեւ է: Սակայն այն մարդը, որի թղթի վրա գրված էր ինձնից բարձր թիվը, անցավ ինձնից առաջ: Երբ ես ուշադրություն դարձրեցի այդ հանգամանքի վրա, առանց հերթի խցկվածը ինձ նայեց որպես այլմոլորակայինի: Բայց եթե էլի «սովետական» հերթ է լինելու, ի՞նչ իմաստ ունի «քաղաքակիրթ» ձեւեր թափելը: Ի՞նչ պիտի անի իշխանությունը, տվյալ դեպքում՝ գեղեցիկ համազգեստով անվտանգության աշխատակիցը: Նա պետք է տարածքից դուրս հրավիրեր այդ մարդուն:

Վրաստանի իշխանությունը, ինչ-որ կերպ «անկախանալով» այդ ավանդական անկարգություններից, հաջողությամբ ստիպում է իր բնակչությանը ենթարկվել որոշակի կարգուկանոնի: Բայց դա տեւում է դեռ ընդամենը մի քանի տարի: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի, եթե գա այլ՝ հին որակի իշխանություն: Վրացի «գաիշնիկները» մոր փորում կհայտնվեն:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031