Տեսանյութերն այս օրերին ինտերնետ «հիթ» են դարձել, էլ չասած՝ սոցցանցերում շարունակական քննարկումներ, ցանցային լրատվամիջոցներում ճչացող վերնագրերով դրանց նկարագրության, զանազան ընդհանրական բնույթի դատողությունների ինտենսիվ շրջանառության մասին։
Ի դեպ, ընդհանրական դատողությունների վերաբերյալ. հենց միայն մեկ-երկու տեսանյութի շրջանառումը որոշ մարդկանց առիթ տվեց, որ քաղքենիական պաթոսով սկսեն. «Այս ի՜նչ է կատարվում ազգի հետ, սա է այսօրվա դեռահաս աղջիկների կամ երիտասարդ կանանց նկարագիրը, սա հայ ազգին բնորոշ չէ…», եւ այսպես շարունակ։ Իսկ ո՞վ ասաց, թե բնորոշ է։ Կամ մի՞թե կարելի է երկու-երեք դեպքի հիման վրա մի ամբողջ ազգի ու նրա նկարագրի մասին ընդհանրական դատողություններ անել։ Ցնցվա՞ծ եք։ Շոկի մե՞ջ։
Մի կողմից, իհարկե լավ է, ավելի ճիշտ՝ այդ տեսանյութերի շրջանառման հետ կապված միակ դրական բանն այն է, որ դա կարող է մարդկանց մի մասին իսկապես ցնցվելու եւ լրջորե՛ն մտահոգվելու առիթ տալ։ Պե՛տք է որ տա, ինչ-որ տեղ օգնի սթափվել։
Բայց, մյուս կողմից, ինչ-որ մի նոր բան չէ, որ տղամարդկանցից բացի, նաեւ կանայք կարող են իրար քաշքշել, ծեծել կամ անպատվել։ Իսկ դուք հիշեք, թե ժամանակին ինչեր էին կատարվում զանազան հերթերում։ Ու ոչ միայն սոված տարիների հացի հերթերում, այլեւ «լեն ու բոլ» խորհրդային տարիներին, ասենք, բանջարեղենի կրպակ-տաղավարի մոտ 10 կոպեկանոց լոլիկի հերթերում։
Ուղղակի այն ժամանակ հեռախոսային տեսախցիկ չկար, որ մեկը նկարեր ու «դներ» ինտերնետ։
Իսկ, անկեղծ ասած, ի՞նչ էինք մենք սպասում։ Իսկ ուրիշ ի՞նչ կարելի է հնձել, եթե փոթորիկ ես ցանում։
Ավելի քան 15 տարի, Հայաստանի դպրոցական կրթության համակարգը պարբերական «բարեփոխումների» գործընթացների մեջ է, որի նպատակադրումները մշուշոտ են, ծրագրերը՝ խախուտ, խրթին, հաճախ խառնիխուռն։ Ավելին՝ փորձառու, իրենց գործն իմացող մանկավարժների զանգվածային ջարդը, որ ձեռնարկվեց օպտիմալացման անվան տակ, ուղղակի խեղեց դպրոց ասվածի բովանդակային նկարագիրը։
Իսկ հետեւանքներն ահավոր են, որովհետեւ մեծանում է առավելապես կիսագրագետ, անկիրթ, անդաստիարակ, լկտի ու ցինիկ պահվածքով աչքի ընկնող սերունդ, որին առաջնորդողը գրգիռներն ու ռեֆլեքսներն են։
Երկրորդ. արդեն տարիներ շարունակ հեռուստաեթերն ուղղակի հեղեղված է ամեն կարգի այլանդակության քարոզով. բռնություն, սեռական սանձարձակություն, հայհոյանք, գռեհկություն ու ցինիզմ, խաբեություն ու սրիկայություն, սպանություն ու լկտիություն, անբարոյականություն ու դավաճանություն, եւ այլն, եւ այլն։ Իսկ վերջին տարիներին, զանգվածային բթացման այդ սարքին համալրելու է եկել ինտերնետը։ Կապի միջոցը, իհարկե, մեղավոր չէ, հարցն այն է, թե ով ինչ է դրանից քաղում։ Հետեւանքներն ակներեւ են։
Իսկ այդ ի՞նչ կարելի է սպասել վերը նշված արատների ու անբարոյականության շարունակական քարոզչությունից, ի՞նչ։ Որ բարեկրթություն մարմնավորող լուսավորյալ սերո՞ւնդ մեծանա։ Ինչպե՞ս կարող է դաժանության, անխղճության, ուժի ու փողի պաշտամունքից ինչ-որ լուսավոր բան ստացվել։ Չի՛ կարող։ Պատրանքներ չարժե ունենալ։
Իսկ Հայաստանում տիրապետող սեւեռումը, անգամ կարելի է ասել գաղափարախոսությունը հենց փողն է եւ ուժը, լրացված դաժանությամբ ու անխղճությամբ։ Ու դա ոչ մեկին չի էլ հետաքրքրում՝ ո՛չ պետական կառույցներին, ո՛չ էլ հասարակական կազմակերպություններին (չէ՞ որ դրա համար գրանտ տվող ամերիկացի ձյաձյաներ չկան)։
Ի դեպ, շատերը ախուվախ են անում, նկատի ունենալով, որ հայհոյախառն ծեծկռտուքով են զբաղված աղջիկները։ Իսկ այն, որ դպրոցահասակ տղաներն են իրար հոշոտում՝ ոհմակային եղանակներով, որ դպրոցականները իրար վրա դանակ են քաշում, կարծես թե նույնպիսի սրությամբ չի ընկալվում ակտիվ հանրության կողմից։ Իսկ չէ՞ որ այդ տղաները վաղը-մյուս օրը գնալու են բանակ։
Տպավորությունն այնպիսին է, որ տանը մտածում են, թե երեխայի հետ դպրոցում «կզբաղվեն», դպրոցում բողոքում են, որ տանը չեն «զբաղվում», իսկ ինքնահոսի թողնված խակգլուխ դեռահասները զբաղվում են ինչով կարող են, նրանք սովորել են ամենեւին էլ ոչ այն, ինչ երկար-բարակ գրված է դասագրքերում։
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
«Հայոց աշխարհ»