Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կապանի թաղամասը` հորդառատ գետի հասցրած ավերածություններից հետո (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Մայիս 23,2012 12:03

 Կապանում երեկ գետի վարարման հետեւանքով 5 կամուրջ է փլվել, ծառեր արմատախիլ եղել, հենասյուներ քանդվել, թաղամասն ու քաղաքի կենտրոնական հատվածը ջրով ողողվել:

Կապանի քաղաքապետարանի եւ Սյունիքի մարզպետարանի աշխատակիցները այս պահին գտնվում են Մելիք Ստեփանյան փողոցի դեպքի վայրում, որտեղ երեկ կեսգիշերին մոտ Վաչագան գետը դուրս էր եկել հունից, ողողել թաղամասը, արմատախիլ արել ծառեր, քշել տարել գետի վրա կառուցված թաղամասի առանձնատների 5 երկաթե կամուրջները, ջրով լցրել Մ.Ստեփանյան 41 շենքի ամբողջ նկուղը, ճանապարհները լցրել տիղմով, քարերով ու ջրաբերուկներով, դժվարանացանելի դարձրել ճանապարհները:

Կապանի փոխքաղաքապետ Վարդան Գեւորգյանի խոսքով` այս պահին տարվում են մաքրման աշխատանքներ, կոմունալ ծառայության աշխատակիցները ճանապարհները մաքրում են քարերից ու ջրաբերուկներից, որից հետո մարզպետարանի եւ Կապանի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից արված ուսումնասիրության հիման վրա պարզ կլինեն հետագա անելիքները:

Երեկ դեպքի վայր էին ժամանել նաեւ Սյունիքի մարզի փրկարար ծառայության 30 աշխատակիցները, համայնքային նշանակության կառույցների աշխատակիցները, 3 էքսկավատոր, 1 տրակտոր, 1 ինքնաթափ ու մեկ ամբարձիչ էր աշխատում տեղում:

Գետի ջրերի հոսքը դեպքի Մ.Ստեփանյան 41 շենքի բակ ու նկուղները կանխելու նպատակով՝ հողից հենապատնեշ է կառուցվել, սակայն 5 հարկանի բազմաբնակարան շենքի նկուղները ջրով են լցված, բակերն էլ ցեխ են ամբողջությամբ:

Մինչեւ գիշերվա ժամը 4-ը դեպքի վայրում գետի ջրի հոսքի կանխման եւ հետագա հնարավոր ավերածությունների կանխման աշխատանքներ էին տարվում: Իսկ մինչեւ ժամը 8-ն էլ փրկարար ծառայության աշխատակիցների կողմից հերթապահություն էր սահմանված:

Մելիք Ստեփանյան փողոցի բնակիչները դեռեւս երեկվա դեպքից ուշքի չեն գալիս, հատկապես խիստ դժվարին իրավիճակում են հայտնվել գետի երկայնքով գտնվող սեփակական տների բնակիչները, ովքեր տնից դորս գալու համար այլընտրանքային ճանապարհներ են փորձում գտնել ու հարեւան տների կամուրջներից օգտվում: Թաղամասի բնակիչ կրպակատեր Ելենի խոսքով` վնասվել եւ փչացել են կրպակի ներսում գտնվող ապրանքները, զրկվել են կամուրջից: «Եթե կամուրջը դեպքի վայր եկած մարդիկ չպոկեին, չքանդեին, հիմա կրպակս ապրանքների հետ միասին քշած կլիներ՝ տարած: Սպասում ենք տեսնենք կօգնե՞ն մեզ: Վերեւից գետը ծառերը արմատախիլ արած՝ բերեց լցրեց խցանում տվեց ու ուժեղ հոսքից դուրս եկավ գետը հունից»,- ասում է առեւտրի կրպակի տերը:

Բնակիչների խոսքով` առավոտյան կողմ որոշ չափով գետի հունը իջել է, իսկ երեկ 2 մետրից ավելի էր հասել:

Կապանցիների ենթադրմամբ գետի վարարման պատճառը Խուստուփում շարունակ տեղացող կարկուտն ու հորդառատ անձրեւն են:

Այս պահին էլ եղանակը դեռեւս բարենպաստ չէ եւ մտահոգությունը մեծ է, որ նույն աղետը հնարավոր է՝ կկրկնվի նաեւ այսօր: «30 տարուց ավելի՝  այստեղ ենք ապրում, բայց ես նման բան չեմ հիշում, որ եղած լինի: Ասում են, որ մեկ էլ 60-ականներին է նման բան եղել» – ասում են թաղամասում հավաքվածները:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031