Լրահոս
Օրվա լրահոսը

Չիկագոյում հայկական խնդիրները չեն շրջանցվել

Մայիս 23,2012 11:44

ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումը Անկարայում, ապրիլ, 2009թ.

Թեեւ Հայաստանի նախագահն այդպես էլ չմեկնեց Չիկագո` մասնակցելու ՆԱՏՕ-ի հերթական գագաթաժողովին, այնուհանդերձ, հայկական խնդիրները համաժողովի ընթացքում չեն շրջանցվել:

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ, Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն իր ամերիկացի պաշտոնակցի` Բարաք Օբամայի հետ բանակցությունների ժամանակ մի շարք թեմաների հետ մեկտեղ անդրադարձել է նաեւ հայ – թուրքական հարաբերությունների բարելավման հեռանկարներին:

«30 րոպե տեւած հանդիպման ընթացքում Օբաման եւ Գյուլը քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը, հայ –  թուրքական հարաբերություններն ու Կիպրոսի խնդիրը», – գրում է պարբերականը` այլ մանրամասներ չհաղորդելով:

Օբամա – Գյուլ քննարկման գլխավոր թեման, սակայն, եղել է ամերիկյան անօդաչու հետախուզական սարքերի վաճառքը Թուրքիային:

«Դա մեր վարչակազմի օրակարգում է, սակայն գործարքը ես չեմ կարող միայնակ իրականացնել», – ըստ դիվանագիտական աղբյուրների, Գյուլին դիմելով նշել է Միացյալ Նահանգների նախագահը` հատուկ ընդգծելով, որ Թուրքիային անօդաչու սարքերի վաճառքն անհնարին է առանց Կոնգրեսի աջակցության:

Հիշեցնենք, որ մի շարք կոնգրեսականներ արգելափակել են անօդաչու սարքերի վաճառքը պաշտոնական Անկարային:

Չիկագոյի համաժողովի շրջանակներում երկուշաբթի օրն առաջին անգամ հանդիպել են նաեւ Թուրքիայի ղեկավարն ու Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Ֆրանսիական հանրապետության նոր ղեկավարից Թուրքիայում առկա սպասելիքները բավական հակասական են: Մի կողմից, թուրքական իշխանությունները հույս ունեն, որ Անկարայի հետ իր սառը հարաբերություններով հայտնի Սարկոզիից հետո նրա հաջորդն ավելի կառուցողական դիրքորոշում կորդեգրի: Մյուս կողմից, թուրքական կողմի աչքից չի վրիպել այն հանգամանքը, որ Օլանդը ընդամենը մեկ ամիս առաջ` ապրիլի 24-ին մասնակցեցֆրանսահայության` Փարիզում կազմակերպած միջոցառումներին:

Ըստ թուրքական աղբյուրների` Գյուլի եւ Օլանդի հանդիպումը փոքր-ինչ լարված մթնոլորտում է անցել:

Հանդիպման ավարտին կայացած ասուլիսի ժամանակ Գյուլը բանակցությունների մասին որոշ մանրամասներ է հաղորդել:

«Ես հարցրեցի Օլանդին` ո՞րն է Ֆրանսիայի պրոբլեմը Թուրքիայի հետ։ Ի՞նչ խնդրի շուրջ են մեր բախումները: Կա՞ արդյոք մի հարց, որ ստիպում է դիտարկել միմյանց որպես թշնամիներ», – նշել է Գյուլը` հիշեցնելով նաեւ, որ վերջին 20 տարիներին Ֆրանսիայի նախագահներից եւ ոչ մեկը ոտք չի դրել Թուրքիա:

«Վատ չէր լինի, եթե մենք կարողանայինք մեր հարաբերություններում նոր էջ բացել», – հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Որոշ թուրքական աղբյուրների պնդմամբ` Գյուլի հետ հանդիպման ընթացքում Ֆրանսուա Օլանդը նշել է, թե «նախկինում եղած թյուրիմացությունները չպետք է ստվերեն այսօրվա հարաբերությունները»:

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031