Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են այրվածքները բուժում բյուջեի եւ ոչ ՀՀԿ-ի հաշվին

Մայիս 23,2012 11:41

ՀՀ առողջապահության նախարարի մամլո խոսնակ Շուշան Հունյանից երեկ հետաքրքրվեցի, թե ինչ տարբերություն կա Հանրապետության հրապարակում այրվածքներ ստացած հիվանդների եւ որեւէ այլ դժբախտ պատահարի հետեւանքով տուժած քաղաքացիների միջեւ, որ մեկի համար վճարվում է պետբյուջեից, իսկ մյուսի համար՝ ոչ։ Նա պատասխանեց. «Քանի որ Հանրապետության հրապարակում այրվածքներ ստանալու դեպքերը մասսայական բնույթ են կրում, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հրաման է ուղարկել բոլոր բժշկական հաստատություններին՝ այդ հիվանդներին ազատել համավճարից։ Հիվանդանոցն իրավունք ունի ազատել համավճարից։ Դրանից ազատվում են նաեւ սոցիալական որոշակի խմբերի մարդիկ»։ Ասել է թե՝ Հանրապետության հրապարակում այրված մարդկանց դեպքում պետությունը պետք է վճարի ե՛ւ իր մասնաբաժինը, ե՛ւ հիվանդի։

Առողջապահության նախարարությունից դժվարացան հստակ թիվ նշել, թե տվյալ հիվանդների բուժումն, ընդհանուր առմամբ, ինչ է արժենալու պետական բյուջեի համար՝ ընդգծելով, որ ամեն ինչ կախված է հիվանդության բարդության աստիճանից ու բուժման տեւողությունից։ «Այսօր մենք դա չենք կարող ասել։ Դա հետո կերեւա։ Ամեն դեպքի համար բուժհաստատությունը հաշվետվություն կներկայացնի, եւ մենք կվճարենք»,- ԱՆ պետական առողջապահական գործակալության պետ Արա Տեր-Գրիգորյանի խոսքը փոխանցեց Շուշան Հունանյանը։ Բայց հաշվի առնելով, որ այրվածքներ ստացել է հանրահավաքի ավելի քան 150 մասնակից, եւ հոսպիտալացվել են 94-ը, ապա կարելի է պատկերացնել, թե խոսքը ինչքան գումարի մասին է։ Չհաշված՝ պլաստիկ վիրահատությունների համար պահանջվող ծախսերը։ Իհարկե, նախարարի մամլո խոսնակն ընդզծեց, որ օրերս Երեւան ժամանած գերմանացի պլաստիկ վիրաբույժ Ադրիան Դայգլերը պայթյունից տուժածներին վիրահատել է անվճար, բայցեւ չբացառեց, որ առավել թեթեւ դեպքերում հնարավոր է տեղի պլաստիկ վիրաբույժների միջամտությունը, որոնք իրենց ծառայության համար գուցեեւ վճարվեն։ Այդ դեպքում նույնպես, ըստ Շուշան Հունանյանի, վիրահատությունը կկազմակերպվի պետպատվերով։

Ի դեպ, երեկ փորձեցի ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից եւ ՀՀԿ նախընտրական հանրահավաքի կազմակերպիչ Կարեն Ավագյանից հետաքրքրվել՝ ինչո՞ւ պայթյունից տուժածների բուժման անհրաժեշտ ծախսերը ՀՀԿ-ն ու կազմակերպիչները չեն հոգում, կամ՝ նախատեսվու՞մ է տուժածներին վնասի փոխհատուցում տրամադրել։ Նրանց հետ խոսելու բոլոր փորձերս ապարդյուն անցան:

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

«Հայկական ժամանակ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031