ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի անցողիկ այն թեկնածուներից, որոնք ընդգրկված են նաեւ Երեւանի ավագանու անցողիկ տեղերում, պահանջել է ավագանու մանդատից հրաժարվելու դիմումներ ներկայացնել։
ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ նման պահանջ ներկայացվել է։ Ըստ Սմբատյանի, իրենց պահանջը հիմնավորված է ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածով, որը սահմանում է. «Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից»:
2009-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրությունների պաշտոնական արդյունքներով, Կոնգրեսը ստացել էր 13 ավագանու տեղ։ Հետագայում Կոնգրեսը հայտարարեց, որ այդ արդյունքները չի ճանաչում եւ հրաժարվում է Երեւանի ավագանու անդամի մանդատները ստանալ, որոնք մինչ օրս մնացել են ԿԸՀ-ում։
Ըստ Սմբատյանի, Կոնգրեսի նախկինում արված հայտարարությունը, ըստ որի՝ իրենք հրաժարվում են Երեւանի ավագանու մանդատները ստանալուց, եւ այն իրողությունը, որ Կոնգրեսից ոչ ոք անցած տարիներին չի մասնակցել Երեւանի ավագանու նիստերին՝ Կոնգրեսի անդամների խնդիրն է։ «ԿԸՀ որոշմամբ, իրենք ընտրվել են Երեւանի ավագանու անդամ։ Մանդատներից հրաժարվելու վերաբերյալ ԿԸՀ-ն պաշտոնապես դիմում չի ստացել ոչ դաշինքի անդամ կուսակցություններից եւ ոչ էլ ավագանու անհատ անդամներից։ Այս պահին, ԿԸՀ-ի ընդունած որոշմամբ, իրենք համարվում են ավագանու անդամ»,- ասաց Սմբատյանը, որի մատնանշած ԿԸՀ որոշումը կայացվել է 2009-ի հունիսի 6-ին։
Կարդացեք նաև
Ըստ այդ որոշման, Կոնգրեսի ցուցակով Երեւանի ավագանու անդամներ են ընտրվել Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ստեփան Դեմիրճյանը, Լեւոն Զուրաբյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Սուրեն Աբրահամյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Աշոտ Ադամյանը, Մասիս Այվազյանը, Դավիթ Առաքելյանը, Հրանտ Բագրատյանը, Մանուել Գասպարյանը, Վարդան Գրիգորյանը եւ Գուրգեն Եղիազարյանը։
Սմբատյանի խոսքով, Երեւանի ավագանու անդամը տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնյա է, ուստի, ԱԺ ընտրությունների արդյունքներով Կոնգրեսի համամասնական ցուցակի անցողիկ տեղերում գտնվող այն թեկնածուները, որոնց անուններն առկա են ԿԸՀ-ի նշված որոշման մեջ, պարտավոր են Երեւանի ավագանու անդամի պաշտոնից հրաժարվելու դիմումներ ներկայացնել։ Մասնավորապես, խոսքը Ստեփան Դեմիրճյանի, Լեւոն Զուրաբյանի, Լյուդմիլա Սարգսյանի եւ Հրանտ Բագրատյանի մասին է:
Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
«Հայկական ժամանակ»