Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Սարգսյան. «Եկել է մի պահ, որ ՀԱԿ-ին իմ անդամակցությունն ավելորդ եմ համարում»

Մայիս 23,2012 11:06

Օրեր առաջ Երեւանի ծանոթներիցս մեկը հեռախոսազրույցի ժամանակ ասաց, որ ինչ-որ մարդիկ քննադատել են, թե Սուրեն Սարգսյանը ցուցակից նեղացավ-գնաց։ Եթե ուշադիր կարդային գրածներս, կտեսնեին, որ Սուրեն Սարգսյանը հայտարարեց՝ ՀԱԿ-ի ցուցակն ինձ դուր չեկավ։ Այսօր էլ եմ ասում՝ ինձ դուր չեկավ, հետո՞ ինչ։ Հիմա, եթե ՀԱԿ-ից դուրս են գալիս անհատներ եւ կուսակցություններ, դա նշանակում է, որ ոմանք պիտի քննադատե՞ն այդ մարդկանց, այն մարդկանց, որոնք տարիների պայքարի մեջ են եղել եւ մշտապես լսել են հրամանատարի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ցուցումները։ Հիմա ի՞նչ է եղել, այս մարդիկ պայքարը հասցրեցին տրամաբանական ինչ-որ մի հանգրվանի եւ այսօրից հետո որոշել են չմնալ ՀԱԿ-ի կազմում։ Անհամեստություն թող չլինի, բայց ես թողեցի հեռուստատեսության իմ աշխատանքը, 2 հաղորդում, որ ունեի եթերում եւ, չակերտավոր ասած, նետվեցի կռվի դաշտ։ Բոլորը գիտեն, որ այդ տարիներին իմ գրած հոդվածները հազարավորների քննարկման եւ խոսելու նյութ են եղել, եւ հիմա եկել է մի պահ, որ ՀԱԿ-ին իմ անդամակցությունն ավելորդ եմ համարում։ Ինչ է, ես դրանով հանցա՞նք գործեցի, ես դրանով դավաճանեցի՞։ Իսկ եթե հակառակն ասեմ՝ որքանո՞վ գեղեցիկ կլինի։ Եթե ճանապարհները բաժանվում են, դա չի նշանակում, որ պետք է մարդկանց վրա վայրահաչել։ Էլ չեմ ասում՝ այսօր շատերը, որ Միքայել Հայրապետյանի ազնվությունն ու շիտակությունն այդպես էլ չեն ունենա (հիշեք վերջինիս հայտարարությունն ԱԺ ընտրություններից առաջ), հանդգնում են քննադատական խոսքեր ասել՝ իսկեւիսկ ծուռ հայելիների երկրի բնակիչների նման։

«Առաջնորդը» վերնագրով հոդված էի գրել։ Հետո իմացա, որ ՀՀՇ-ի որոշ կարկառուններ վերցրել են եւ ցուցադրաբար հոդվածը գցել աղբարկղը։ Ես, այդ ամենից անտեղյակ, հանդիպում եմ այդ նույն մարդկանց, վերջիններս մինչեւ ականջները հասնող ժպիտով բարեւում եւ ողջագուրվում են հետս, ու որեւէ մեկի տղամարդկությունը չի հերիքում իր անհամաձայնությունը կամ վրդովմունքը հայտնելու։ Հիմա ո՞րն է ճիշտ՝ ժպտերես սրիկայի պես սեփական անձդ էշի տե՞ղ դնես, թե՞ կարծիք արտահայտես։ Ի դեպ, ասեմ, որ ՀՀՇ-ն հենց դրա համար էլ վարկաբեկվեց, երբ սկսվեց կռապաշտության հասնող անձի մեծարումը՝ չընդունելով ոչ մի քննադատություն։ Այո, ես համաձայն չէի ցուցակի առաջին տեղերում որոշ մարդկանց լինելուն։ Ցավով պիտի համաձայնեմ Ռուբեն Հայրապետյանի հետ. բա ամոթ չէ՞ր, որ Հայաստանում կեղծիքների նախահայր Գագիկ Ջհանգիրյանը՝ ոչ ավել, ոչ պակաս, հայտնվեց այդ ցուցակի պատվավոր տեղերից մեկում։ Ում դուրն ասածս չի գալիս՝ առնվազն ինքնախաբեությամբ զբաղվողի մեկն է: Վերջիվերջո, եթե այդքան քննադատող եք, ինչո՞ւ չեք Դավիթ Շահնազարյանին քննադատում, ով բառացի ասաց՝ ես երկուսին էլ դեմ քվեարկեցի, չնայած Գարեգին Նուշիկյանը, ի տարբերություն Սուքիասյանների, ինքն իրենով կայացած գործարար է։ Վերջապես, նաեւ կոչ եմ անում զբաղվել ոչ թե անպտուղ բամբասանքով, այլ կործանման եզրին հայտնված մեր պետականության մասին մտածող մարդկանց փնտրտուքով։

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031