Երեկ երեկոյան, ժամը 15.40-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Երեւանի Մելիք Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ կենտրոնական գրասենյակի շենքի տանիքում։ Դեպքի վայր էր մեկնել տասը մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարներին շուրջ մեկ ժամվա ընթացքում հաջողվել է մարել կրակը։ Մինչ այդ փակվել էին դեպի շենք տանող ճանապարհները, հոսանքագրկվել էին մոտակա շենքերը, որոնց հարեւանությամբ հերթապահություն էր իրականացնում Շտապ օգնության 3 ավտոմեքենա։ ՀՀ ԱԻՆ-ից ավելի ուշ հայտնեցին, որ հրդեհի հետեւանքով այրվել էր շենքի տանիքի մի հատվածը, կրակը շենքի տարածք չէր թափանցել, տուժածներ էլ չկան։
Մինչդեռ դեպքի վայրում մեր թղթակիցը տեսել է, թե ինչպես են հրշեջները ՀՀԿ գլխավոր գրասենյակի շենքից գրկած դեպի Շտապ օգնության մեքենան տարել իրենց գործընկերներից մեկին։ Հրշեջներից մեկը պատմել է, որ շենքի տանիքում հրդեհաշիջման աշխատանքի ժամանակ՝ տանիքի մետաղյա ծածկերը քանդելու պահին հրշեջի ոտքին է ընկել մետաղյա թիթեղը եւ թափանցել ոտնաթաթի մեջ։ Շտապ օգնության աշխատակիցները մեր թղթակցի հարցերին ի պատասխան ասել են, որ հրշեջի ոտքի ոսկորները, բարեբախտաբար, չեն վնասվել, իսկ ստացած վնասվածքը արդեն մշակվել է եւ վտանգավոր չէ։ Դժվար է նույնիսկ տարրական տրամաբանության շրջանակներում հասկանալ թե ինչու են փորձում կոծկել հրշեջի վիրավորվելու փաստը։
«Հայկական ժամանակ»