Կեսգիշերին մոտ Կապանի միջով հոսող Վաչագան գետը Մելիք Ստեփանյան փողոցի (Լճի թաղ) կոչվող հատվածում հունից դուրս է եկել եւ ողողել ամբողջ թաղամաս: Բնակիչները սարսափահար են եղել դեպքից: «Ուժեղ դղրդոց ենք լսել, սարսափահար արագ դուրս եկանք, տեսնենք` գետը քշած տանում է սեփական տներից մեկի տան երկաթե կամուրջն ու դարպասները: Ամբողջ շենքերի բակերը ջրերով են ողողված, փողոց դուրս գալ հնարավոր չի, մարդ կքշի կտանի, մեքենաներ էլ չեն կարողանում բարձրանան, սաղ քշում տանում է: Զանգել ենք ծանոթ-բարեկամներին, որ հանկարծ թաղամաս չբարձրանան, գնան այսօր քաղաքի մյուս թաղամասերի բարեկամների տանը գիշերեն: Ես սենց բան էսքան տարի է՝ չէի տեսել: Ոչ մեկը չգիտի , թե ինչից կարող է այդպես եղած լինի, վերեւում ուժեղ անձրեւ է գալիս, կարող է՝ դրանից է, որ այսքան վարարել է ու հունից դուրս եկել», – ասում է թաղամասի բնակիչներից մեկը:
Հունից դուրս եկած հորդառատ գետը 2 ծառ է արմատախիլ արել, քշել տարել է նաեւ սյուներից մեկը, գետի վրա կառուցված՝ դեպի առանձնատներ տանող մյուս կամուրջներն էլ են այս պահին վտանգի տակ հայտնվել: Ամբողջությամբ ողողվել են թաղամասի շենքերի բակերը: Գետի մոտ գտնվող բոլոր օբյեկտները կիսով չափ արդեն ջրի տակ են անցել, ողողվել ջրով ու տիղմով:
Բնակիչների ասելով՝ Վաչագան գյուղում ու Խուստուփում գիշերը ժամը 1-2-ի շրջանում էլ էր ուժեղ անձրեւ տեղում, որի հետեւանքով էլ գետի հորդառատությունը գնալով ավելի է ուժգնանում:
Սյունիքի մարզային փրկարար ծառայությունում հավաք է հայտարարվել բոլոր հրշեջ փրկարարներին: Դեպքի վայրում է գտնվում նաեւ Կապանի քաղաքապետը: Հունից դուրս եկած գետի ջրերը արդեն հասել են Կապանի կենտրոնական փողոցները, գետից դուրս եկած քարերն ու տիղմերն անանացանելի են դարձրել ճանապարհը: Արտակարգ դրությունը Կապանում դեռ շարունակվում է:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ