Այսօր, «Նարեկացի արվեստի միությունում» «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանն անցկացրեց դասախոսություն` «Հայկական հարցի լուծումը միջազգային իրավունքի համատեքստում. ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը» թեմայով:
Ներկայացնելով վերջին հազարամյակում Հայաստանի սահմաններին վերաբերող պայմանագրերը` Պապյանը փաստեց, որ դրանցից ոչ բոլորն են ունեցել իրավական հիմքեր, որոնք սահմանվել են 1969թ-ին ընդունված Վիեննայի կոնվենցիայով: Ըստ դրա` պայմանագիրը ճանաչված պետությունների միջեւ կնքված եւ միջազգային իրավունքով կարգավորվող համաձայնագիրն է: 1920-1923թթ ընթացքում կնքվել են հաջորդաբար Սեւրի, Ալեքսանդրապոլի, Մոսկվայի, Կարսի եւ Լոզանի պայմանագրեը. «Դրանցից Սեւրինն օրինական է, սակայն չի վավերացվել, Ալեքսանդրապոլինը չի համապատասխանում միջազգային չափանիշին, քանի որ կնքվել է ոչ թե ճանաչված պետությունների, այլ քեմալականների եւ հայկական պատվիրակության ներկայացուցիչների կողմից: Մոսկվայի պայմանագրի պարագայում նույնն է, քանի որ բոլշեւիկները դեռեւս ճանաչված պետություն չէին կազմել: Ինչ վերաբերում է Կարսի պայմանագրին, ապա այն կնքվել է կրկին քեմալականների եւ ՀՍՍՀ-ի միջեւ, որը չէր համարվում ճանաչված պետություն»,- ներկայացրեց Ա. Պապյանը եւ հավելեց, որ Լոզանի պայմանագիրն օրինական է, սակայն վերաբերում է ոչ թե Հայաստանին, այլ Թուրքիա-Բուլղարիա, Թուրքիա-Հունաստան եւ Թուրքիա-Սիրիա սահմաններին. «Առհասարակ, եթե կնքվելու պահին պայմանագրի կետերը ոտնահարում են միջազգային իրավունքի հիմնադրույթները, ուրեմն` կնքվելու իսկ պահից անվավեր են, եւ հիմա Հայկական Հարցի համար չեն կարող հիմք հանդիսանալ»:
Պապյանի խոսքով` մինչ Փարիզի վեհաժողովում Հայաստանի եւ Թուքիայի միջեւ սահմանի որոշումը` 1920թ-ի նոյեմբերի 20-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը ստագրել էր իրավարար վճիռ` Հայաստանի` դեպի Սեւ ծով ելք ունենալու մասին, ինչն էլ հիմք է հանդիսանում Թուրքիայի նկատմամբ պահանջատիրության: «Այդ փաստաթուղթը մի քանի օրինակով պահպանվել է եւ անցյալ տարի տպագրվել: Ներկա Հայաստանի սահմանը դրանով է որոշված, ոչ թե Սեւրի պայմանագրով: Հայաստանից հյուսիս արեւելք ընկած տարածքը հիմա էլ մերն է, պարզապես օկուպացված է Թուրքիայի կողմից, ինչպես Կիպրոսը»,-ասաց Արա Պապյանը: Նրա կարծիքով, եթե կարողանանք գործի դնել փաստաթղթերը, ապա կկարողանանք արդյունքի հասնել. «Մինչ 2015թ-ը նախատեսում ենք հավաքագրել փաստաթղթերը, այնուհետեւ հանձնել դրանք միջազգային իրավունքի մասնագետնրին, ովքեր, համոզված եմ, որ կհաստատեն Վիլսոնի վճռի ուժի մեջ լինելը: Վերջիվերջո, ՀՀ իշխանությունների միջամտությամբ էլ կդիմենք միջազգային դատարան` մեր իրավունքները վերականգնելու համար»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ