Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ժառանգությունում», այնուամենայնիվ, ինքնաբացարկներ են կորզվում

Մայիս 22,2012 22:48

«Ժառանգությունը» դեռ չի հստակեցրել, թե, ի վերջո, այդ կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվածներից ովքե՞ր են համալրելու նոր գումարման խորհրդարանի իրենց խմբակցությունը: Այդ հարցը դեռ քննարկման փուլում է, այն  կհստակեցվի եւ համապատասխան որոշում կընդունվի «Ժառանգություն» կուսակցության հունիսի 2-ին կայանալիք համագումարում: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այս օրերին շրջանառվող տեղեկություններին, թե՝ կուսակցությունում փորձում են համամասնական ցուցակի թեկնածուներից ինքնաբացարկներ կորզել,  ասաց «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, ըստ էության, չհերքելով մեր տեղեկությունները:

Հարցին՝ այսինքն, հնարավո՞ր է, որ ընտրությունների արդյունքում թվով  5 մանդատ ստացածների՝ ըստ համամասնական ցուցակի առաջին հնգյակում փոփոխություններ լինեն, Խուրշուդյանն արձագանքեց՝ «ամեն ինչ հնարավոր է»: Կուսակցության մամուլի խոսնակը, ի պատասխան մեև հարցադրմանը, հավելեց նաեւ, թե համագումարում քննարկվելու է «Ժառանգության» թեկնածուների հարցը, իսկ ինչ  վերաբերում է համամասնական միասնական ցուցակում «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից առաջադրվածների հնարավոր ինքնաբացարկներին, ապա Խուրշուդյանը դժվարացավ նրանց վերաբերյալ որեւէ բան ասել:

Մեր տեղեկություններով, այս օրերին «Ժառանգությունում» նաեւ համամասնական ցուցակի 9-րդ հորիզոնականում հայտնված հանրային սեկտորի ներկայացուցիչ, բլոգեր Իզաբելլա Աբգարյանին է առաջարկվել ինքնաբացարկ հայտնել, բայց նա հրաժարվել է: Ինքը՝ տիկին Աբգարյանը, Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց, որ իրեն առաջարկվել է ինքնաբացարկ հայտնել, բայց հերքեց, թե հրաժարվել է դա անելուց: Բլոգերն ասաց, թե ժամանակին «Ժառանգությունն» ինքն էր իրեն առաջարկել ընդգրկվել կուսակցության համամասնական ցուցակում, եւ ինքը համաձայնել էր, ու հիմա, երբ առաջարկվել է ինքնաբացարկ հայտնել, ինքը ճիշտ է համարել  դա անել: Նա ասաց, թե ինքն այսպես, թե այնպես խորհրդարան չի անցել եւ ինքնաբացարկ հայտնելն այդ իմաստով ոչինչ էլ չէր նշանակում: Իզաբելլա Աբգարյանը հավաստիացրեց, թե ինքը շարունակում է «Ժառանգության» հետ լավ հարաբերություններ ունենալ, ու մտադիր է շարունակել համագործակցությունն այս քաղաքական ուժի հետ:

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Ժառանգությունը» խորհրդարանում ստացել է 5 տեղ , եւ ըստ համամասնական ցուցակի հերթականության՝ ԱԺ-ում մանդատներ են ստանալու Րաֆֆի Հովհաննիսյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Զարուհի Փոստանջյանը, Ալեքսանդր Արզումանյանն ու Ռուբիկ Հակոբյանը: Ըստ որոշ տեղեկությունների, չի բացառվում, որ ինքնաբացարկ հայտնի կամ հայտնողներից մեկը լինի հենց կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: ԱԺ դեռ գործող խորհրդարանում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, իսկ համամասնական ցուցակում 8-րդ հորիզոնականում հայտնված Ստեփան Սաֆարյանի՝ կրկին խորհրդարանում հայտնվելու համար անհրաժեշտ է լինելու, որ բացի Րաֆֆի Հովհաննիսյանից ինքնաբացարկ հայտնեն նաեւ ցուցակի 6-րդ տեղում հանգրվանած Թեւան Պողոսյանն ու ազատ-դեմոկրատ Մասիս Այվազյանը: Հիշեցնենք, սակայն, որ ազատ դեմոկրատներն արդեն առիթ ունեցել են հայտարարելու, որ իրենք մանդատներից հրաժարվելու խնդիր չեն քննարկում:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031