Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյանը վիճում է կնոջ հետ. «Ես ծառ կտրող մարդ չեմ» (Տեսանյութ)

Մայիս 22,2012 22:08

Երեկ Հանրային խորհրդում ՀՖՖ նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին «բռնացրեց» Նորագավիթ թաղամասից մի կին: Նա պարոն Հայրապետյանին խղճից, բնությունից հարցեր էր տալիս, թե  «Բա Ձեր խիղճը չի՞ տանջում, ո՞նց կարող եք էդքան պտղատու ծառերը կտրել՝ ֆուտբոլի դպրոց սարքել»:

Ռուբեն Հայրապետյանը սկսեց վիճել. «Մանկապատանեկան ֆուտբոլի դպրոց եմ կառուցել՝ Հելսինկյան ինչ-որ կոմիտե է հայտնվել, դատի ա տալիս, թե ֆուտբոլի դպրոցը անօրինական բան է: Հիմարություն: Նորագավիթում մի-երկու հատ ծառ է՝ էկոլոգիապե՜ս… այգիները՜: Ի՞նչ այգի»:

Կնոջ դիտարկմանը, որ «12 հա այգի է, ես նոր եմ գնացել այնտեղ, նոր եմ եկել»՝ Ռուբեն Հայրապետյանը չհամաձայնեց. «Ստեղ 12 հա այգի չկա, դուք երեւի տեղը չեք իմանում: Ինձ տված, ինձ հատկացված տեղը այգի չկա: Ինչ տված է ֆեդերացիային, այգի կա՞ էնտեղ: Որ չգիտեք՝ խի՞ եք խոսում»:

Կնոջ դիտարկմանը, որ Ձեզ են տվել՝ Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց. «Լսեք՝ ինձ չէ: Ֆուտբոլի ֆեդերացիան դա դուք եք, իրենք են, բոլորը: Ֆուտբոլի ֆեդերացիան դա երկիրն է: Ես չինովնիկ եմ ընդամենը: Ինձ չեն տվել՝ տվել են ֆուտբոլի ֆեդերացիային ու տվել են ֆուտբոլի զարգացման համար: Լսեք, ինձ ինչ որ տվել են՝ այգի չկա, սխալ ինֆորմացիա ունեք: Այո, մի քանի հատ ծառ կա, կարող է մի 5 հատ լինի, 10 հատ լինի: Ես ծառերի մեջ չեմ գնա: Եթե դուք իմ արած գործունեությանը հետեւած լինեք՝ կտենաք՝ ես ինչքան ծառ եմ տնկում: Ես ծառ կտրող մարդ չեմ: Ես իմ տունն եմ ծուռ դնում, որ ծառ չկտրեմ՝ իմ սեփական հողի մեջ»:

Կնոջ հարցապնդումներից ազատվելուց հետո Ռուբեն Հայրապետյանն ասաց. «Եթե նույնիսկ պտղատու ծառեր լինեն, էն, ինչ որ ես անելու եմ՝ ավելի արժեքավոր է, քան ծառերը: Ես չոլը դարձրել եմ շատ գեղեցիկ բնապահպանական զոնա, նույնը կարող եմ ես այնտեղ անել: Ուղղակի մարդիկ իրենց մի քանի կոպեկ գրանտների համար էս երկրի վրա թքած ունեն: Մեր կառուցածը 50-100 տարի գործելու է, 1200 երեխա է մարզվելու, իսկ պտղատու ծառը՝ վաղը չորանալու է, նորն են տնկելու: Էլի կտնկենք, ի՞նչ է եղել»:

Նշենք, որ բնապահպանները ահազանգել են, որ Երեւանի քաղաքապետարանը պատրաստվում է Նորագավիթ թաղամասում կտրել մոտ 15 հազար մրգատու ծառեր եւ խաղողի այգիներ, որպեզի ֆուտբոլի ֆեդերացիան նոր մարզադաշտ կառուցի: Երեւանի Շենգավիթ համայնքի Նորագավիթ թաղամասի մի խումբ բնակիչներ այս խնդրով նաեւ նամակով դիմել են վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ տեղեկացնելով, որ տարածքում տնկված են մոտ 15 հազար պտղատու ծառեր եւ խաղողի այգիներ, եւ գյուղատնտեսության համար բարձր որակի հողատարածք է, որի ոչնչացումից թթվածնի մեծ աղետ կլինի թե Նորագավիթի, եւ թե շրջակա միջավայրի համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031