«Մենք» լրագրողական ակումբն արդեն երկու տարի է, ինչ կազմակերպում է «Մուսա 2012» մրցույթը: Այս տարի այն կայացավ մայիսի 22-ին` Երգի պետական թատրոնում: Ակումբի ղեկավար Մարգարիտա Շարիմանյանը նախ հաղորդավար Ժակին, որպես իրենց լավ ընկեր, հանձնեց «Մենք լրագրողական ակումբի պատվավոր անդամի» տիտղոսը, ապա տեղեկացրեց, որ կազմակերպել են բարեգործական միջոցառում օգնության կարիք ունեցող երեխաների համար: Երգի պետական թատրոնի շենքում կդրվի արկղ` դրամաշնորհի համար: Այդ նախաձեռնությունը կշարունակվի նաև կիրակի օրը, բայց արդեն Շառլ Ազնավուրի հրապարակում:
Այս տարի մրցույթի կանոնները փոխված էին. 15-23 տարեկան անձիք ներկայացրեցին միայն հեղինակային ստեղծագործություններ (գրական ստեղծագործություն, շարադրություն, լրագրողական նյութ եւ այլն): Ակումբի ղեկավարը մեզ հետ զրույցում ասաց, որ մասնակիցները սկզբում մոտ քսանն էին, բայց եղել աշխատանքներ, որոնք որ ձևով անհամապատասխան են եղել կամ էլ` ընթացքում մասնակիցներն են ինքնակամ հրաժարվել մասնակցությունից:
Մրցույթը մեկնարկեց նախապես ընտրված 12 մասնակիցների առաջին ստեղծագործություններով, որոնք ներկայացվեցին 3-5 րոպեյի ընթացքում:
2012 թվականի մուսային որոշում էր ժյուրին: Նրանք հինգն էին` հաղորդավարուհի Անիտա Հախվերդյանը, հաղորդավար Ժակը, հեռուստահաղորդավար Արտակ Վարդանյանը, «Առավոտ երիտասարդականի» պատասխանատու Հռիփսիմե Հովհաննիսյանն ու «Մենք» լրագրողական ակումբի ղեկավար, «Մուսայի» քասթինգի հիմնադիր Մարգարիտա Շարիմանյանը: Լսելով մրցույթի մասնակիցների ստեղծագործությունները` նրանք գնահատում էին ներկայացրածն ու խոսում դրանց թերությունների մասին:
DJ Ժակն, օրինակ` ողջունեց երիտասարդների ստեղծագործ լինելը ու նկատեց` ամեն մեկը տարբերվում էր մյուսից: Իսկ Արտակ Վարդանյանն էլ ուրախ է մրցույթին ներկա գտնվելու համար: Իր խոսքով, մասնակիցների ստեղծագործություններից իր համար կատարել է որոշակի բացահայտումներ: Ասում է` շատերին է հավանել:
Եզրափակիչ փուլ անցան հինգը, առաջին տեղը զբաղեցրեց Արմինե Ճաղալյանը, ում մրցանակներից մեկն էլ ստեղծագործությունները «Առավոտ երիտասարդականում» տպագրելն է: «Ես մեծ ոգևորությամբ եմ մասնակցել մրցույթին, որովհետև միշտ կարևորել եմ իմ գրածները հանրությանը լսելի դարձնելը»,– ասում է Արմինեն: Մրցույթում հաղթելը իրեն մեկ անգամ ևս ապացուցում է` պետք է վստահես ուժերիդ:
«Մենք» լրագրողական ակումբի կազմակերպած մրցույթի նպատակը եղել է` համախմբել երիտասարդներին ու բացահայտել գրելու շնորք ունեցող մարդկանց. «Այսօր շատ–շատերը կան, որ տանը նստած ստեղծագործում են և ոչ մեկին ցույց չեն տալիս ու այդպես անտեսված էլ մնում են այդ աշխատանքները»,- ասում է Մարգարիտա Շարիմանյանը: Կարծում է, որ իրենց նպատակը իրագոծվեց. երիտասարդներին դրսեւորվելու առիթը ստեղծվեց:
Արամ Արարատյան