Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Աշոտյանը Զոլյանին ընտրել. «Միգուցե անտիպատիա է, միգուցե շենքի հարցն է լուծում» (տեսանյութ)

Մայիս 22,2012 21:27

Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնից հեռացված Սուրեն Զոլյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը, հարցին, թե ինչո՞ւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հենց Ձեր դեմ դուրս եկավ, պատասխանեց. «Աշոտյանը գտնում է, որ ռեկտորն իր համար պահակ է»:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում մեր դիտարկմանը, թե ստացվում է, որ այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, մյուս բուհերի ռեկտորները պահակի դերո՞ւմ են, որ խնդիր չունեն Աշոտյանի հետ, նա պատասխանեց. «Եթե պարոն Աշոտյանը գտնում է, որ ես չափից ավելի շատ եմ արտասահման գնում` անկախ նրանից, թե ինչ նպատակներ իրականացնելու համար, 1000 ներողություն, ես այնտեղ գնում եմ ոչ կազինո եմ խաղում, ոչ էլ չգիտեմ ինչ լողավազաններ եմ այցելում: Ես այնտեղ գնում եմ գործով: Դրա մասին կան բազմաթիվ փաստաթղթեր: Եթե դուք տեսնեք մեր միջազգային համագործակցությունը, չեք պատկերացնի` ինչ լուրջ հաջողությունների ենք մենք հասել: Այս պահին պիտի Եվրախորհրդի հետ համատեղ կոնֆերանս կազմակերպեինք: Փոխանակ պարոն Աշոտյանը ուրախանա, որ դա վերջիվերջո նաեւ Հայաստանի համար է, սկսեց օրեր հաշվել եւ զեկուցեց վարչապետին, թե ես չափից ավելի շատ եմ բացակայում: Ես  դա համարում եմ` ոնց որ սերժանտը, որը ներկա-բացակա է անում: Եթե պահակ աշխատեի` իհարկե, ես չպիտի բացակայեի: Պահակը պիտի տեղում լինի»:

Մենք ճշտեցինք` եթե հիմա Արամ Սիմոնյանը չի բարձրաձայնում, Ձեր պես չի պայքարում, նշանակում է համաձա՞յն է իր` պահակի դերին: Պարոն Զոլյանն ի պատասխան հարցրեց. «Ես չեմ հասկանում, Արամ Սիմոնյանն այստեղ ի՞նչ կապ ունի: Իսկ Արամ Իսաբեկյա՞նը: Իրենցից հարցրեք, թող իրենք էլ պատասխանը տան: Ես խոսում եմ պարոն Աշոտյանի պահվածքի մասին, որ ինքը բացակայությունները համարում է անհարգելի, ինչը ցնցող է բոլոր ակադեմիական համայնքի համար եւ Եվրոպայից բազմաթիվ արձագանքներ է եկել, նրանք զարմանում են` թե ինչ է կատարվում Հայաստանի հետ, եւ ինչպե՞ս նման մարդը կարող է ղեկավարել գիտության եւ կրթության ոլորտը»: Մեր հարցին` բոլո՞ր ռեկտորների բացակայություններն է անհարգելի համարում, թե՞ միայն Ձեր` պարոն Զոլյանը պատասխանեց. «Եթե ես իր տեղակալն աշխատեի` միգուցե եւ իմանայի, ես չգիտեմ: Ես նախարարի մասին  կարող եմ կարծիք կազմել եւ ասել, բայց նրա փոխարեն` չեմ կարող»:

Մեր բոլոր փորձերը` պարոն Զոլյանից լսելու, թե իրականում ինչո՞ւ է պարոն Աշոտյանը հենց նրա դեմ դուրս եկել` մյուս ռեկտորներին թողած, ապարդյուն անցան: Պարոն Զոլյանը, ի պատասխան հիշեցրեց «Միմինո» կինոն. «Такую личную неприязнь… ես չգիտեմ, իրեն հարցրեք»: Մեր դիտարկմանը` «անտիպատիա՞» է ուղղակի` նա ավելացրեց. «Միգուցե: Միգուցե շենքի հարցն է լուծում, ես չգիտեմ, միգուցե ուզում են արագ ձեւով այդ շենքը վաճառել: Միգուցե անձնական թշնամանք: Բայց` անձնական թշնամանք մի փնտրեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031