Լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով մայիսի 22-ի դատական նիստը, ինչպես եւ նախորդ՝ մայիսի 15-ի նիստը, չկայացավ: Հիշեցնեմ, որ նախորդ նիստը չէր կայացել գործով առանցքային վկաներ Արման Մնացականյանի եւ Արթուր Մկրտչյանի բացակայության պատճառով:
Մայիսի 15-ի նիստում ընթերցվել էին ոստիկանության Վաղարշապատի եւ Սիսիանի բաժիններից դատարան ուղարկված գրություններն այն մասին, որ վկա Արման Մնացականյանը բուժման նպատակով գտնվում է հանրապետությունից դուրս, վկա Արթուր Մկրտչյանն էլ գտնվում է Լեռնային Ղարաբաղում, եւ հաջորդ նիստին վերջինիս ներկայությունը կապահովվի: Նախորդ դատական նիստի ավարտին դատարանը որոշեց վերոհիշյալ վկաներին բերման ենթարկելու որոշումներ կայացնել եւ հետաքննության մարմնի միջոցով ապահովել դատարանում նրանց ներկայությունը: Մայիսի 22-ին հայտարարվեց, որ ոստիկանության Արմավիրի բաժնի աշխատակցի ուղեկցությամբ դատարան է ներկայացել վկա Արման Մնացականյանը: Ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակից, կապիտան Գեւորգյանը դատարանին հեռախոսով հայտնել էր, որ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ Արթուր Մկրտչյանին հայտնաբերելու ուղղությամբ, որ ըստ Արթուր Մկրտչյանի մոր՝ Մարինե Մկրտչյանի բացատրության, Արթուրը բանջար հավաքելու նպատակով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջան եւ մինչ օրս չի վերադարձել»:
Մայիսի 22-ի նիստը չկայացավ ոչ թե Արթուր Մկրտչյանի, այլ ամբաստանյալ կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանի բացակայության պատճառով: Վերջինս նախորդ նիստում հայտարարել էր, որ ինքը մայիսի 22-ին Երեւանում այլ գործով նիստի պետք է մասնակցի: Նրա պաշտպանյալ Հակոբ Մանուկյանը դատարանին միջնորդեց առանց իր պաշտպանի նիստ չանցկացնել, այն հետաձգել: Նիստին ներկա չէին նաեւ ամբաստանյալ ավագ լեյտենանտ Վահագն Հայրապետյանի պաշտպան Լեւոն Պողոսյանը, տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը, վերջինիս ներկայացուցիչներ փաստաբան Մուշեղ Շուշանյանը, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը: Դատավոր Ս. Մարդանյանն ասաց, որ նախորդ նիստը չկայացավ վկաների բացակայության պատճառով, այս նիստին էլ ամբաստանյալների պաշտպանները չեն մասնակցում, որ նիստերի հետաձգումով խախտվում են դատավարության ողջամիտ ժամկետները: Դատական հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 29-ին:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ