Ադրբեջանում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթի մեկնարկից օրեր առաջ երկրի մայրաքաղաք Բաքվում ոստիկանությունը ձերբակալել է ժողովրդավարություն և կառավարության հրաժարականը պահանջող երթի առնվազն տասը մասնակից:
«Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ, քաղաքի կենտրոնում՝ նախագահական վարչակազմի գրասենյակի մոտակայքում երկուշաբթի օրը հավաքվել էր մոտ 40 ցուցարար: Ցուցարարներից մի քանիսին քաղաքացիական հագուստ կրող ոստիկանության ծառայողները նստացրել են սովորական ավտոբուսների տեսք ունեցող մեքենաներ:
Ադրբեջանի կառավարության դեմ գնալով ավելի մեծ թվով ցույցեր կազմակերպող շարժման անդամներն այդ ընթացքում վանկարկել են «Հրաժարակա՛ն» կարգախոսները:
Այդ երկրի իշխանություններին իրավապաշտպան «Amnesty International» և «Human Rights Watch» կազմակերպությունները շարունակում են խիստ քննադատության ենթարկել երկրում մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակի համար:
Կարդացեք նաև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի հասարակության և քաղաքական գծով վարչության ղեկավար Ալի Հասանովը սակայն ասել է, թե ծանոթ է այս կազմակերպությունների համբավին և իրենց ունեցած ազդեցությանը: «Նրանք այնուամենայնիվ կորցնում են մեր հասարակության վստահությունը», – ասել է Հասանովը՝ հավելելով. «Այս կազմակերպությունների եզրակացությունները չեն համապատասխանում իրականությանը: Նրանց հայտարարությունները հակաադրբեջանական քարոզչություն են»:
Իրավապաշտպան կազմակերպություններն անցյալ շաբաթ հորդորել են երկրի իշխանություններին ազատ արձակել բանտարկության մեջ գտնվող ակտիվիստներին և ապահովել երգի մրցույթից առաջ անցկացվող ցույցերի մասնակիցների խոսքի ազատությունը:
«Երբ այս ամիս ամբողջ աշխարհի հեռուստադիտողները դիտեն «Եվրատեսիլ»-ը, Ադրբեջանի համար իրեն որպես ժամանակակից և առաջադիմական երկիր ներկայացնելու ամենահամոզիչ եղանակը կլինի խոսքի ազատության նկատմամբ իշխանությունների կողմից գործադրվող բռնությունների դադարեցումը», – նշել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով «Amnesty International»-ի փոխտնօրեն Ջոն Դալհուզենը: