Հայտնի այլախոհները եւ խորհրդային իրավապաշտպանները ստեղծել են Ղրիմյան ֆորում՝ կոմունիստական ռեժիմի քաղաքական բանտարկյալների ամենամյա խորհրդաժողով, որի նպատակն է՝ ապահովել նախկին ԽՍՀՄ իրավապաշտպան շարժման ժառանգականությունը՝ հետխորհրդային պետություններում քաղաքացիական հասարակության ինստիտուտների գործունեության մեջ:
Ուկրաինական newsru.ua կայքն այս առնչությամբ նշում է, որ ֆորումը ստեղծվել է Սիմֆերոպոլում կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են հայտնի այլախոհներ եւ ԽՍՀՄ-ում մարդու իրավունքների համար պայքարողներ:
Հանդիպման մասնակիցներն ընդունել են հայտարարություն՝ Ղրիմյան ֆորում ստեղծելու մասին, որում մասնավորապես նշել են, թե մի շարք հետխորհրդային պետություններում քաղաքացիական իրավունքների եւ մարդու ազատությունների վիճակն ակնդետ ուշադրության կարիք ունի. «Իսկ հաճախ էլ միջազգային կազմակերպությունների եւ իրավապաշտպան կազմակերպությունների անհապաղ արձագանքման կարիքն է լինում: Այնպիսի երկրներում, ինչպիսիք են Կենտրոնական Ասիայի պետությունները, Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանըը, Ուկրաինան արդեն տեղի է ունեցել կամ տեղի է ունենում շեշտակի նահանջ ժողովրդավարական գործընթացներից, ինչն ուղեկցվում է քաղաքական ընդդիմադիրների եւ քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ հետապնդումներով»:
Խորհրդակցությանը մասնակցել են Ռուսաստանից Լյուդմիլա Ալեքսեեւան, Հայաստանից Վարդան Հարությունյանը (լուսանկարում) , Մեծ Բրիտանիայից Վլադիմիր Բուկովսկին, Լեհաստանից Պյոտր Խլեբովիչը եւ այլք: