Ֆլեշմոբերի թիվն օրեցօր ավելանում է: Երեկ էլ Մանկավարժական համալսարանի գրադարանային բաժնի երկրորդ կուրսի մի խումբ ուսանողներ Ե. Չարենցի արձանի մոտ կազմակերպել էին ընթերցանության ֆլեշմոբ, այդ կերպ փորձելով ցույց տալ երիտասարդների սերն ու հետաքրքրությունը գրականության հանդեպ:
«Սա դեռ ֆլեշմոբի փորձնական տարբերակն է, կարծում եմ մեր սպասելիքները կտան իրենց դրական արդյունքը: Ֆլեշմոբի մասնկիցները շուրջ մեկ ժամ տարբեր գրքեր են կարդալու, հետո նաև կիսվելու են իրենց տպավորությամբ: Օրն առավել հետաքրքիր դարձնելու համար կազմել ենք հարցաթերթիկներ, որտեղ պետք է գրել, թե ինչ գրքեր եք ավելի հաճախ կարդում, որ հեղինակներին և այլն», – ասում է կազմակերպիչներից մեկը:
Ֆլեշմոբի ընթացքում նախաձեռնել էին նաև նկարների ցուցահանդես, պատճառաբանելով այսպես. «Նրանք, ովքեր կձանձրանան ընթերցանությունից, կարող են ընդմիջել այն՝ նկարները նայելով»:
Վերջում բոլորը հնարավորություն ունեին հայտնելու իրենց կարծիքը ֆլեշմոբի մասին՝ գրելով այն թերթիկների վրա, որը կազմակերպիչները նախատեսել են բարձրաձայն ընթերցել հաջորդ տարի կրկին այս ֆլեշմոբը իրականացնելու ժամանակ:
Տիգրանուհի Թասլակյան