Aravot.am-ին դիրիժոր Հարություն Արզումանյանը տեղեկացրեց, որ «Հայաստանի նոր անուններ» ծրագիրը (ղեկավար՝ «Մշակույթի գործիչների ընկերակցության» նախագահ, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյան) ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ 2012թ. մայիսի 29-ից հունիսի 1-ը Երեւանում կիրականացնի «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 2-րդ միջազգային փառատոնը։ Արդեն երկրոդ տարին փառատոնի կողքին է գլխավոր գործընկեր «ՎիվաՍել– ՄՏՍ» ընկերությունը։
Այս տարի փառատոնին հրավիրված են մինչև 18 տարեկան շուրջ 4 տասնյակ շնորհալի երաժիշտներ տարբեր երկրներից (Վրաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, Մալթա, Ուզբեկստան, Կորեա), որոնք հայաստանյան ունկնդրին կներկայանան նվագախմբային եւ մենանվագ կատարումներով։ Համերգները կկայանան Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ էդուարդ Թոփչյան) եւ Հայաստանի պետական կամերային նվագախմբերի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) ընկերակցությամբ։ Մասնակիցների մեծ մասը միջազգային մրցույթների ու փառատոների դափնեկիրներ են, տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ: Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա մայիսի 29-ին, Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ (դիրիժոր՝ Հարություն Արզումանյան): Հաջորդ համերգները կկայանան մայիսի 30-ին և 31-ին, նույն մշակութային օջախում։
Եզրափակիչ համերգն էլ կկայանա Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Հարություն Արզումանյանը հավելեց նաեւ, որ փառատոնային օրակարգը կներառի մասնակիցների համար մշակութային ծրագիր (այցելություններ Երեւանի մշակութային հուշարձաններ, այց Մայր Աթոռ Սբ. Էջմիածին եւ այլն):
Կարդացեք նաև
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ