Լրահոս
Օրվա լրահոսը

Էսկալացիա է սկսվել. Պաշտպանը` «D.I.Y»-ի հրկիզմանը հաջորդած դեպքերի մասին

Մայիս 22,2012 16:13

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը չի շտապում գնահատականներ տալ Երևանում «D.I.Y.» ակումբի հրկիզման դեպքին և սպասում է, մինչ իրավապահ մարմինները կվերջացնեն քննությունը: Մինչ այդ, այդ դեպքի և դրան հաջորդած իրադարձությունների վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է Պաշտպանի հետ, և հարցազրույցը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը.

-Պարոն Անդրեասյան, Երևանում շատերի համար ժամանցի վայր համարվող «D.I.Y» ակումբն են հրկիզել, դուք որևէ գնահատական ունե՞ք այդ կապակցությամբ

-Մենք շատ ուշադիր հետևում ենք «D.I.Y.» ակումբի շուրջ զարգացումներին, ունենք դիմումներ ակումբի հետ կապված իրադարձությունների վերաբերյալ և մենք, անկեղծ ասած, ի տարբերություն շատ-շատերի, սպասում ենք համապատասխան մարմինները` դատախազությունը և ոստիկանությունը իրենց գործն անելով կարողանան մեզ տալ շարժառիթներ այդ հանցագործության, պայթյունի մասին: Մենք հասկանում ենք, որ կան արդեն կասկածներ, որ դա ունի որոշակի ատելության կամ սեռական կողմնորոշման հետ կապված որոշակի էլեմենտներ: Բայց մինչև չլինի պաշտոնականը, թե ինչ է իրենից ներկայացրել կոնկրետ միջադեպը կողմերի միջև, մենք չենք կարողանա պաշտոնական դիրքորոշում հայտնել: Ես, անկեղծ ասած, շատ կուզենայի, որ կողմերը զերծ մնան ձևավորելու մի մթնոլորտ, թե Հայաստանում կա անհանդուրժողականություն որևէ խմբի, այդ թվում` սեռական փոքրամասնությունների նկատմամբ:

-Դուք տեսնո՞ւմ եք այդ անհանդուրժողականության մթնոլորտը

-Ես տեսնում եմ, որ էսկալացիա է սկսվել և ինչ-որ բանավեճ կա: Ցանկացած հասարակությունում, ընդհանրապես, լինում են բանավեճեր, թե ինչպիսին պետք է լինի վերաբերմունքը այս կամ այն խմբի, փոքրամասնության, իրենց իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Մենք որպեսզի անենք պաշտոնական հայտարարություն, ես սպասում եմ, տեսնեմ, թե կոնկրետ այդ պայթյունը, հանցագործությունը պարունակե՞լ է կոնկրետ հոմոֆոբիկ տարրեր, թե՞ դա ուղղակի եղել է միջանձնային վեճ կամ ուղղակի հանցագործություն, որի հիմքը սեռական փոքրամասնությունների խնդիրներն են, թե՞ ոչ: Որովհետև հանցագործություն գործած անձինք չեն հայտարարել, թե ինչ պատճառներով են արել այդ ապօրինությունը:

-Կատարվածի մեջ քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ եք, ինչպես հայտարարում է տուժած կողմը

-Ես լսել եմ բոլորի մեկնաբանությունները: Ինձ համար այս պահին հիմնավոր չէ, որ կա ուղղորդված ատելություն սեռական փոքրամասնությունների նկատմամբ և այդ ատելությունը բերում է կոնկրետ ագրեսիվ հանցագործությունների, երբ դա դեռ ապացուցված չէ: Մենք այդ հայտարարություններին հետևում ենք և կոչ եմ անում բոլորին դադարեցնել հստակ ձևակերպումներ տալ, որովհետև եթե պարզ լինի, որ կոկրետ ուժեր հովանավորում են ատելությունը, բռնությունը փոքրամասնությունների նկատմամբ, վարկաբեկիչ է մեր հասարակության, պետության համար: Առանց հստակ ապացույցների, նման գնահատականներ կխնդրեի չտալ որևէ մեկին, բացի տուժած կողմից, որը իրավունք ունի իր դիրքորոշումները հայտնել: Բայց մյուս երրորդ անձանց, ովքեր ներգրավված չեն միջադեպին, ես խորհուրդ կտայի, որպեսզի հապճեպ մտահանգումներ չանեն:

-Ձեր անձնական դիրքորոշումն ինչպիսի՞ն է սեռական փոքրամասնությունների նկատմամբ

-Իմ անձնական դիրքորոշումը բխում է օրենքի դիրքորոշումից: Այսօր որևէ բռնություն անկախ նրանից, թե ինչ ուղղորդում ունի և ինչ նպատակի համար է, խիստ դատապարտելի է: Միևնույն ժամանակ խտրականությունը ապօրինի դրսևորում է, և իմ դիրքորոշումը չէ, որ պետք է արգելի մարդկանց նման դրսևորումներ ունենալ: Թե ինչքանով պետք է հասարակությունը հանդուրժող լինի տարբեր տեսակ երևույթների նկատմամբ, որոնք մեզ համար ավանդական, պահպանողական, ազգային տեսանկյունից անհարիր են, ես ինքս էլ գտնում եմ, որ իսկապես այդտեղ կա խնդիր, որ մարդիկ էլ, որոնք ունեն տարբերություններ, ոչ թե ագրեսիվ դրսևորեն իրենց տարբերությունները, այլ ուղղակի կարողանան Հայաստանում ապրել, լիարժեք գործել և իրենց որևէ մեկը չվնասի:

-Պարոն Անդրեասյան, նախօրեին «Մշակութային բազմազանության շքերթ» տեղի ունեցավ Երևանում, որը շատերի կողմից ընկալվեց որպես «նույնասեռականների շքերթ»: Ի՞նչ կասեք այդ մասին:

-Ես հակված եմ հավատալու մարդկանց, ովքեր ասում են այն, ինչ իրենք անում են: Այն մարդիկ, ովքեր կազմակերպել էին շքերթը շատ հստակ դիրքորոշում էին հայտնել, թե ինչ շքերթ է: Բազմազանությունն ու հանդուրժողականությունը արժեքներ են, որոնք պահպանվում են բոլոր քաղաքակիրթ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում: Այդ իմաստով ես շատ կողմ եմ, որպեսզի մարդիկ կարողանան արտահայտել իրենց ցանկությունները խաղաղ հավաքների, ցույցերի և այլ ձևերով: Միևնույն ժամանակ, կան մարդիկ, որոնց դուր չի գալիս այդ հավաքը, իրենք էլ պետք է իրավունք ունենան և արտահայտում են իրենց դժգոհությունները բոլոր տեսակ անհամաձայնությունները տարբեր խմբերի հետ: Նորմալ գործընթացներ են: Միակ բանը որ անընդունելի է, երբ հայհոյում են, բռնություն են կիրառում, երբ պայթեցնում են: Ցանկացած նման վայրենի դրսևորում ինձ համար անընդունելի է` անկախ նրանից, թե որ խումբն է անում և որ նպատակի համար:

panorama.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031