Լրահոս
Օրվա լրահոսը

Մարի Ռոզ Աբուսեֆյան. Դուբայի 500 հոգանոց հայ համայնքը հայրենիքի փոխարեն շենացնում է տեղի անապատները (Տեսանյութ)

Մայիս 22,2012 15:53

«Առանձնակի սեր եմ տածում հայրենի հանդիսատեսի նկատմամբ, քանի որ արվեստն ընկալելու գործում այլ կրթություն եւ մոտեցում ունի: Բացի այդ, տեղի հանդիսատեսը հասկանում է արեւելահայերենը, ի տարբերություն մյուս հայաշատ երկրների հանդիսատեսի»,-այսօր «Ani Plaza Hotel»-ի «Press Master» մամուլի ակումբում ասաց ամերիկաբնակ դերասանուհի Մարի Ռոզ Աբուսեֆյանը:

Երեկ նա Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում հանդիսատեսի դատին հանձնեց «Տիգրան Մեծ» մենաներկայացումը: «Ձայնային չնչին միջամտությամբ ներկայացման այդ տեսակը նորույթ է թատերական արվեստում եւ դժվար ներկայանալի: «Սովորաբար, մարդիկ մտածում են՝ եթե թատրոն չի, ուրեմն ասմունք է, բայց ես միայն արվեստ եմ ցուցադրում՝ փորձելով այն ընկալելի դարձնել հանդիսատեսին»,-ասաց դերասանուհին:

Խոսելով «Տիգրան Մեծից»՝ Մարի Ռոզ Աբուսեֆյանը նշեց, որ այն քաղաքական բնույթ ունի, եւ ասելիքը համատեղելի է ներկայիս իրականությանը:

Ներկայացման կազմակերպիչ Գրետա Սահակյանը նշեց, որ ֆինանսական առումով նույնիսկ մեկանգամյա ներկայացումն էր դժվար կազմակերպել, չնայած այն հանգամանքին, որ դահլիճը լեփ-լեցուն էր. «Հանդիսատեսն առաջին իսկ պահից դարձավ մեկ մարմին, ձուլվեց դերասանուհու հետ՝ նրա հետ միասին շնչելով-արտաշնչելով մինչեւ վերջ»: Գ. Սահակյանը հավելեց, որ ձգտել է գլխավորապես երիտասարդներին «բերել» թատրոն, ովքեր նախապես հետաքրքրված են եղել «Տիգրան Մեծով»:

Մ. Աբուսեֆյանը նշեց, որ այժմյան հանդիսատեսը թատրոնում ցանկանում է տեսնել հիմնականում տեխնիկական նորամուծություններ ֆիլմերից. «Սկզբում մտածում էի «Տիգրան Մեծի» երթը ֆիլմաշարով ցուցադրել, բայց հնարավորությունները թույլ չտվեցին: Զարմացա, որ թատրոնն անգամ գահ չունի, ուստի դրան փոխարինեց բազկաթոռը»:

Նշենք, որ դերասանուհին ապրիլի 24-ին էլ Բեյրութում ներկայացրել է «Գրիգոր Զոհրապ. Գողգոթայի ճանապարհին» բեմադրությունը: «Մեր պետությունը Թուրքիայի նկատմամբ պահանջատիրությունը պետք է դարձնի պետական ծրագիր, քանի որ գրեթե 100 տարի է, որ ոչինչ չենք արել, մինչդեռ ամբողջ աշխարհը գիտի ցեղասպանության մասին»:

Դերասանուհին հավելեց, որ Դուբայի 500 հոգանոց հայ համայնքը հայրենիք վերադառնալու փոխարեն շենացնում է տեղի անապատները, իսկ խնդրով առաջնահերթ պետք է մտահոգվի Հայաստանը. «Եթե մարդ չի աճում իր հողի վրա, չի կարող լիարժեք հայ մնալ: Այսօր է՛լ չկա արեւմտահայ մշակույթ եւ մտածողություն, իսկ սփյուռքահայ սերունդը ոտնատակ է գնում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031