Լրահոս
Օրվա լրահոսը

Խմբերգային արվեստի լեգենդը՝ «Հայաստանի փոքրիկ երգիչների» մասին. Չեմ դադարում զարմանալ, թե ինչ վարպետությամբ է բարձր մշակույթը մատուցվում

Մայիս 22,2012 15:39

«Հայաստանի փոքրիկ երգիչները» մասնակցելով երեք տարին մեկ կազմակերպվող մանկական երգչախմբային արվեստում ամենահայտնի փառատոներից մեկին` Ստոկհոլմի «Թող ապագան երգի» (Let The Future Sing) փառատոնին` ճանաչվել է լավագույնը եւ հնարավորություն ստացել եզակի համերգ ունենալու Ստոկհոլմի լավագույն բեմերից մեկում` Konserthuset համերգասրահում: Այսօր «Հենարան» ակումբում թեմայի շուրջ խոսեցին  «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը եւ փոքրիկ երգիչներ Անուշ Սահակյանը, Ադրինե Հարոյանը եւ Լուսինե Մելիքյանը: Շրջագայությունը սկսվել էր ապրիլի վերջին եւ ավարտվել մայիսի սկզբներին:

Ըստ դիրիժորի, այս շրջագայությունը տարբերվեց մյուսներից ունկնդրի հիացմունքի աստիճանով ու բովանդակությամբ, հանդիսատեսը շատ տպավորված էր. «Երբ դու երգում ես քո հարազատ երկրում՝ քեզ ընդունում ու ծափահարում են առանց համեմատելու, իսկ երբ արտասահմանում ես ու անծանոթ հանդիսատեսին ես ներկայանում, դու ավելի ես պարտավորվում և մեծ փորձ ձեռք բերում: Մենք արտակարգ ունկնդիր ունեինք, նրանք ծափահարում էին ոչ թե հենց այնպես, այլ ի սրտե: Տարին հագեցած էր «Հայաստանի փոքրիկ երգիչների» ելույթներով, շուտով մենք կմեկնենք Ճապոնիա, ուր կրկին մեր ազգի պատիվը բարձր կպահենք»

Ստոկհոլմում  հնչել են Կոմիտաս, Ներսես Շնորհալի, Ռոբերտ Պետրոսյան, Դավիթ Հալաջյան, արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ, ջազային գործեր: Փոքրիկ երգիչներից Անուշ Սահակյանը նշեց. «Սա իմ առաջին մեծ շրջագայությունն էր, տպավորված եմ, բոլորը մեզ ջերմ ընդունեցին, բազմաթիվ ընկերներ ձեռք բերեցինք, որոնց հետ կապը մինչև հիմա պահպանում ենք: Կարեւոր էր նաեւ տեսնել իրենց քաղաքը, մշակույթը, նրանք միասնական էին ու համախմբված, ինչը նախանձելի էր: Մեզ համար մեծ պատիվ էր ելույթ ունենալ այդպիսի մեծ բեմում»:

Լատվիայի ժողովրդական արտիստ, խմբերգային արվեստի լեգենդ, 91- ամյա  Գիդո Կոկարսը իր տպավորություններով «կիսվել» է համերգի ժամանակ:

«Այն, ինչ այսօր մեզ մատուցեցին, վայելք էր, բարձրագույն հաճույք: Տիգրանի ղեկավարությամբ ելույթն իսկապես կախարդական էր, զարմացնող, սպասված, բայց անսպասելիորեն փայլուն: Ապշեցնում է նաեւ այն, թե ինչպես են կարողանում նրանք մատուցել աստվածային, բարձր արվեստը` խաղալով: Չեմ դադարում զարմանալ, թե ինչ վարպետությամբ, ուրախությամբ, գեղեցկությամբ ու պարզությամբ է բարձր մշակույթը մատուցվում, այսպիսի բազմազան երգացանկով»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031