Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավագետը մեղադրում է բժշկին՝ հոր մահվան համար

Մայիս 22,2012 15:33

Ռուբեն Այվազյան

«Վարկած» մամուլի ակումբում լրատվամիջոցներին այսօր հանդիպած իրավագետ Ռուբեն Այվազյանը տեղեկացրեց 82-ամյա հոր՝ Լեւի Այվազյանի մահվան հանգամանքները:

Նա մեղադրում էր բժիշկ Տիգրան Այյանյանին, որն, ի դեպ, կամավոր ներկայացել էր այսօրվա հանդիպմանը:

Ռ. Այվազյանը տեղեկացրեց, որ Երեւանի քաղաքապետի թիվ 10/Ա-2825 ուղեգրով հորը տրվել է անվճար բուժման հնարավորություն թիվ 3 կլինիկական հիվանդանոցի սրտաբանական բաժնում:

«Պայմանավորվածության համաձայն, սրտաբանական բաժնում հորս «բուժող» բժիշկ նշանակվեց Տիգրան Կարենի /ազգանունը անհայտ/, որն առանց որեւէ հետազոտության՝ որոշեց, որ իբր որովայնի շրջանում առկա է 15-20 լիտր հեղուկ: Բժիշկ Տիգրանը չունենալով ուրոլոգի կամ նեֆրոլոգի համապատասխան որակավորում՝ սկսեց հորս օրգանիզմի  ջրազրկումը: Հորս նշանակվեց մեծ քանակության ջրազրկող ֆուրասեմիդ:

Ես բողոքեցի, որ ֆուրասեմիդի չափաբաժինը պակասեցվի, հորս նշանակվի այլ դեղորայք: Սակայն բժիշկը ասաց, որ բացի ֆուրասեմիդից՝ այլ ներերակային դեղ չի սրսկվել»,- ասում էր Ռ.Այվազյանը: Նա նաեւ հայտնեց, որ սխալ բուժման հետեւանքով հայրը կլինիկական մահ է տարել, ապա մահացել:

Նա ասաց, որ դիմել է ՀՀ նախագահին, ՀՀ ոստիկանապետին, գլխավոր դատախազին, առողջապահության նախարարությանը, կառավարությանը, մարդու իրավունքների պաշտպանին, 10 կառույցների:

Առաջին պաշտոնական պատասխանը Ռ.Այվազյանը ստացել էր ՀՀ կառավարությունից: Ի դեպ, այս հանդիպման մասին տեղյակ էր պահվել առողջապահության նախարարությանը, որի էթիկայի հանձնաժողովում քննվելու է բժշկի հարցը:

Տիգրան Այյանյան

Բժիշկ Տիգրան Այյանյանը Aravot.am»-ի հարցին, թե հրավիրվե՞լ է հանձնաժողով, իրավապահ մարմին, ասաց՝ դեռ չէ: Բժիշկն ասաց, որ հասկանում է Ռուբենին որպես որդու, որը փորձել է փրկել հոր կյանքը, սակայն նրա հետ համաձայն չէ: Նա ասաց, որ հիվանդին իր մոտ են բերել սայլակով, որ հիվանդի համար իրեն խնդրել է Ռուբենի հորեղբայրը:

Մեր հարցին, թե ինչպե՞ս էր հիվանդի վիճակը, երբ բերվեց իր մոտ՝ բժիշկը պատասխանեց. «Ծանր էր, շատ ծանր: Դեռ չպառկեցրած անկողնում, սկսեցինք նրան հետազոտել: Սրտային անբավարարություն էր մոտը, միակողմանի արյան հոսքը չէր ապահովվում»:

Ռուբեն Այվազյանն ասում էր, որ հայրն ինքն իր ոտքով է գնացել բուժհիմնարկ, մինչդեռ բժիշկն ասում էր՝ սայլակով է բերվել:

Ռուբեն Այվազյանն ասում էր, որ հոր մոտ չէր կարող 15-20 լիտր հեղուկ լինել, իսկ բժիշկն ասաց, որ ամբողջ օրգանիզմում կար մինչեւ 20 լիտր հեղուկ, այտուցված էր որովայնի շրջանը:«Վերջին 10 օրում հիվանդը նստած է եղել:Առաջին օրը կշռել ենք նրան:1800 մեզ տալուց հետո հիվանդի վիճակը լավացավ, կիսանստած մի քանի ժամ քնեց»,-հավելեց նա:

Բժիշկը նաեւ ասաց, որ հիվանդի տղայի կողմից արգելվել է հետագայում միզամուղ տալը: Մեր հարցին, թե հիվանդատերերի նմանօրինակ արգելքների ժամանակ արդյոք բժիշկն այդ մասին հայտնո՞ւմ է վերադասին, մասնագետների հետ խորհրդակցո՞ւմ է, բժիշկը պատասխանեց, որ դրա անհրաժեշտությունը չի եղել:

«Ես կարողացա համոզել հերթապահ բժշկին, որ նշանակվի գեմոդեզ-ներերակային: Պարզվեց, որ հիվանդանոցում, բացի ֆուրասեմիդից, այլ դեղ չկա: Շտապ 5 րոպեի ընթացքում ճարեցի նշված դեղը, որից հետո հերթապահ բժիշկը կարգադրեց, որ նշված դեղը միացվի կաթիլային համակարգով: Այս գործողություններից հետո ջրազրկումը եւ առատ քրտնարտադրությունը դադարեց, հայրս վերակենդանացավ»,- ասաց Ռ.Այվազյանը: Իսկ Տիգրան Այյանյանն ասաց.«Կլինիկական մահ չի եղել: Հիվանդատերն իրավացի չէ: Հարցրեք մասնագետներին, թե նման դեպքերում ինչպես կվարվեին նրանք:

Ինքը բերել է գեմոդեզ, մենք միացրել ենք, կաթիլներ չի գնացել»:

Ռուբեն Այվազյանը պնդում է, որ տեղի է ունեցել դաժան սպանություն, եւ բժիշկը պետք է իր գործունեության համար դատապարտվի ցմահ ազատազրկման:

Առայժմ քրեական գործ չի հարուցված, քանի որ, բացի ոստիկանապետից՝ իրավագետը ոստիկանության բաժին չի դիմել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031