Լրահոս
Օրվա լրահոսը

«Բազմազանության» հակաշքերթը Ռուսաստանի ԿԳԲ-ն էր կազմակերպել (Տեսանյութ)

Մայիս 22,2012 15:18

Երեկ մշակութային բազմազանության շքերթի ընթացքում տեղի ունեցած ընդհարումները, գրող Մարինե Պետրոսյանի կարծիքով, Ռուսաստանի կողմից հստակ ծրագրած միջոցառում էին: «Այն, ինչ կատարվում է, սա ոչ թե ինքնաբուխ ազգայնամոլության դրսեւորում էր կամ ֆաշիզմ, այլ հստակ կազմակերպված դավադրություն` Հայաստանի դեմ, որովհետեւ երկրների քանդելու համար կան մի քանի ծանոթ սխեմաներ: Եթե երկրում կան ազգային փոքրամասնություններ՝ հարուցվում են ազգամիջյան բախումներ կամ կրոնական»,-այսօր «Նովոստի-Արմենիա» ակումբում ասաց Մարինե Պետրոսյանը: Նրա խոսքերով` երեկվա հակաերթը ռուսական ԿԳԲ-ի կողմից է կազմակերպված. ժամանակին Պուտինը առաջ քաշեց Եվրասիական միության ծրագիրը, որ Սովետական միության վերականգնման ծրագիրն էր, այն այլեւս հնարավոր չէր իրագործել, ուրեմն` Հայաստանում էլի պետք է այնպիսի քաոսային վիճակ ստեղծվի, որ Հայաստանն էլի գնա Ռուսաստանի ոտքն ընկնի:

«Կանանց ռեսուրսային կետրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Գոհար Շահնազարյանի ներկայացմամբ էլ` բազմազանության շքերթի դեմ նախապես ապատեղեկատվություն էր տարածվել, իբր  դա գեյ-շքերթ է, բայց իրականում դա ՄԱԿ-ի կողմից հռչակած միջազգային տոն է եւ քանի որ վերջին տարիներին  Հայաստանում շատ են տարբեր մշակույթի կրողներ ու տարբեր ազգերի ներկայացուցիչներ, ուստի որոշվել էր, որ այն նաեւ մեզ մոտ անցկացվի: Իսկ թե ո՞ւմ էր պետք այդ ապատեղեկատվությունը, իրավապահ  մարմինները պետք է գտնեն ու պատժեն: Տիկին Շահնազարյանի խոսքերով` «Երեկ «Youtube»-ում նայում եմ, մարդուն հարց են տալիս` դու գիտես ի՞նչ է մշակութային բազմազանությունը, ասում է՝ այո, դա այլասերվածությունն է. ես այդ տիպի սահմանադրության վրա թքած ունեմ: Այս մարդուն պիտի գտնեն իմ կարծիքով»:

Հանդիպմանը ներկա «Հելսինկյան ասոցիացիայի» նախագահ Միքայել Դանիելյանն էլ ասաց` «Հայաստանում Սահմանադրության վրա թքած ունեն բոլորը`սկսած երկրի նախագահից մինչեւ ամենավերջին ոստիկանը»:

Հարցին, թե բազմազանության շքերթին մասնակցե՞լ են նույնասեռականներ, բանախոսները դժվարացան հստակ այո, կամ ոչ պատասխանել, ըստ նրանց` մի շարք կազմակերպությունների հրավեր էին ուղարկել, եւ չէին ընկնելու մարդկանց մեջ հատ-հատ հարցնել` դու նույնասեռակա՞ն ես: Գրող Մարինե Պետրոսյանն էլ ավելացրեց. «Սեռական կողմնորոշման բազմազանությունը մշակութային բազմազանության դրսեւորումներից մեկն է: Ով պատկերացում ունի արվեստից, պիտի իմանա, որ հանճարների մի զգալի մաս նույնասեռականներ են եղել»:

ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Գյուլնարա Շահինյանի խոսքերով էլ` այն, ինչ կատարվեց, նորություն չէր եւ կարելի էր սպասել, դա  շատ ստերեոտիպային քաղաքական միջոցառում էր, որն ամբողջ աշխարհում օգտագործվում  է. «Ջինին շշից հանում են, որպես նացիոնալիստական  քարտ օգտագործում են, հետո պահում են ջինին, այդտեղ նորություն չկա»:

Այսօր բանախոսները նաեւ կարծիք հայտնեցին, որ այդ ընդհարումները կազմակերպված էին, գուցեեւ ընտրությունների թեմայից ժողովրդին շեղելու համար:

Հարց ու պատասխանների ընթացքում լրագրողներից մեկն էլ նույնասեռական բառի փոխարեն օգտագործեց համասեռամոլ բառը, ինչը զայրացրեց բանախոսներին: «Հելսինկյան ասոցիացիայի» նախագահ Միքայել Դանիելյանը տեղից վեր կացավ եւ հայտարարեց, որ այլեւս չի ցանկանում շարունակել հարցերին պատասխանել, քանի որ թեման լուսաբանող լրագրողները նույնիսկ չեն տարբերում համասեռամոլ եւ նույնասեռական բառերի իմաստը: Ընդ որում՝ լրագրողի այդ խոսքից հետո, դահլիճում ներկաները բավականին վրդովվեցին, եւ սեռական փոքրամասնության վերաբերյալ վերջին օրերի հակադրություններում մեղադրեցին ԶԼՄ-ներին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031