Այսօր առավոտյան Սյունիքի մարզում տեղացած ուժեղ կարկուտից Կապանի տարածաշրջանի գյուղերից բացի, մեծ վնասներ են կրել նաեւ Մեղրու տարածաշրջանի գյուղերը` հատկապես Լեհվազ, Շվանիձոր եւ Վարդանիձոր գյուղերը:
Մեղրու Շվանիձոր գյուղում առատ տեղացած կարկուտից եւ սելավի հետեւանքով ավերածություններ են եղել գյուղում: Շվանիձորում 2 տուն է փլվել, գոմեր, այգիներ: Գյուղը դրսի հետ կապող եւ գյուղամիջյան բոլոր ճանապարհները փակվել էին տիղմով ու սելավի հետ բերված հողածածկույթներով ու քարերով:
Ըստ Շվանիձորի գյուղապետ Հովհաննես ՕՀանյանի` փլված տներից մեկը պատկանում էր 5 հոգուց բաղկացած ընտանիքի, որոնց տունն ամբողջովին ջրի ու տիղմի մեջ է հայտնվել: Նույն ճակատագրի արժանացած մյուս տանը բնակվում էր ամերիկյան Խաղաղության կորպուսի կամավորուհի, որն անգլերեն էր դասավանդում գյուղի դպրոցում:
«Վտանգ կա, որ հնարավոր է փլվեն նաեւ այլ տներ: Սելավի պատճառով շարքից դուրս են եկել գյուղի ոռոգման համակարգը, մայր առուները: Կաթվածահար էր եղել նաեւ գյուղի էլեկտրականությունը» – նշում է տիղմի ու ջրի մեջ հայտնված գյուղի ղեկավարը:
Կարդացեք նաև
Գյուղացիների պնդմամբ` բավականին մեծ վնասներ են հասցվել բանջարանոցներին եւ պտղատու ծառերին` նռնենիներին, թզենիներին եւ այլն:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ