Վերջին զանգի մասով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը օրերս խորհրդակցություն է հրավիրել եւ խիստ հանձնարարականներ տվել քաղաքապետարանի բոլոր վարչություններին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին հայտնեց քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:
Վերջին դասը մայրաքաղաքի դպրոցներում լինելու է մայիսի 25-ին, ժամը 10-15-ի սահմաններում: Նույն օրը ժամը 18-23-ը Ազատության հրապարակում կկայանա տոնական համերգ, որը կավարտվի հրավառությամբ: Տիկին Սողոմոնյանն ասաց, որ տարածքում հերթապահելու են շտապբուժօգնության, հրշեջ ծառայությունները, ոստիկանության հասարակական կարգի պահպանության վարչությունը: Ըստ կրթության վարչության պետի, դպրոցների տնօրենները արդեն գրավոր շրջաբերականներ են ստացել այն մասին, որ պարտավոր են մինչեւ տոնական արարողության ավարտը լինել իրենց դպրոցի շրջանավարտների հետ:
«Բոլոր ծնողներին, ուսուցիչներին եւ դասղեկներին կոչ ենք արել լինել աչալուրջ եւ սահմանափակել անիմաստ հաճույքները, որոնք կարող են վատ վախճան ունենալ»,- տեղեկացրեց վարչության պետը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ