Սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ այս անգամ Եվրոպայի մեծահասակների առաջնությունում ոսկե մեդալ չեղավ, ասաց. «Գիտե՞ք, քանակ ապահովելը դեռ որակի երաշխիք չէ: Մենք ուսումնամարզական հավաքներ կազմակերպելու հնարավորություն չունենք, չենք կարողանում տղաներին ու աղջիկներին միաժամանակ մեկտեղ հավաքել: Եվ ես՝ որպես ֆեդերացիայի նախագահ, գլխավոր պատճառը դրանում եմ տեսնում»:
«Aravot.am»-ը հետաքրքրվեց, թե որքա՞ն է ֆեդերացիայի տարեկան բյուջեն եւ ի՞նչ միջոցներով են իրենք մեկնում մրցավայրեր, եթե հավաքներին գումարը չի բավականացնում: «Ֆեդերացիայի տարեկան բյուջեն ընդամենը 18 միլիոն դրամ է, որից մի կերպ կարողանում ենք մեր առաջատար մարզիկներին գործուղել: Իսկ մնացած գումարը հայթայթում ենք: Ճիշտ է, ոչ միշտ է ստացվում պահանջվող գումարը գտնել», – պատասխանեց Լեւոն Հայրապետյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ