Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչպես էին փեսացուին ինտեգրում տղամարդկանց շարքերը

Մայիս 22,2012 14:04

Կամ հոգեբանության գործոնն առասպելաբանությունում, ծեսերում եւ կյանքում՝ ընդհանրապես

«Էօս» հոգեբանության զարգացման նախաձեռնությունն օրերս կազմակերպել էր «Հոգեբանությունը առասպելի մեջ» թեմայով սեմինար, որի ընթացքում ներկայացվեց հոգեբանության գործոնն առասպելաբանության, հայկական հարսանիքի ծեսերում, ժամանակակից գովազդներում եւ գրականության մեջ:

Օրինակ՝ հոգեբան Արփինե Հակոբյանը ներկայացրեց առասպելի ուսումնասիրության հիմնական ոլորտները՝ կյանք, մահ, մարդ, տիեզերք: «Առասպելը եւ հոգեբանությունն անջատ չեն, քանի որ առասպելը աշխարհի այն դինամիկան է, որ մեր կյանքի ռիթմն է ապահովում, իսկ անալիտիկ հոգեբանությունն առաջ է քաշում այն գաղափարը, որ անհատը տիեզերական ինֆորմացիա կրող սուբյեկտն է»,- ասաց նա:

Հոգեբան Լիլիթ Փանոսյանը խոսեց հայկական հարսանեկան ծեսերի հոգեբանական նշանակությունից: Նախկինում հայկական հարսանիքը տեւել է 7 օր, 7 գիշեր: Աղջիկների համար ամուսնական տարիք է համարվել 10-12-ը, իսկ տղաների համար՝ 18-25-ը: Ի դեպ, 20 տարեկանը հատած աղջիկները համարվել են «դախացած» եւ «տանը մնացած»:

Որոշ ծեսեր ներկայումս էլ պահպանվել են գյուղերում կամ ենթարկվել փոփոխությունների: Նախկինում կանաչ եւ կարմիր ժապավեններ էին կապում հարսին ուղարկած նվերների եւ զարդերի տուփերի վրա, իսկ հիմա կանաչ-կարմիր թաշկինակների ու ժապավենների փոխարեն կոստյումների վրա ծաղիկներ են ամրացնում: Հոգեբանը նշեց, որ որոշ գյուղերում դեռ պահպանվել է «եզմորթեքի» արարողությունը, եւ այդ ծեսը ոչ այլ ինչ է, քան փեսացուին տղամարդկանց շարքերն ինտեգրելու արարողություն: Համեմատելով հարսանիքի հին եւ ներկա ծեսերը՝ Փանոսյանը փաստեց, որ հնում մարդիկ չեն առաջնորդվել սնահավատությամբ, այլ գիտակցել են յուրաքանչյուր ծեսի նշանակությունը. «Իսկ հիմա, երբ ասում ես որեւէ ծեսի մասին, պատասխանում են՝ ես չար ոգիներին չեմ հավատում»:

Գրականագետ Ալվարդ Սեմիրջյանն էլ խոսեց հոգեբանության եւ գրականագիտության կապի մասին: «20-րդ դարի մոդեռնիստական գրականության մեջ առկա նեոմիֆոլոգիզմ հասկացությունն ուղղված է միֆի կիրառմանը եւ մեկնությանը, ինչը հետագայում հանգեցրել է հոգեբանության որոշ տեսությունների մշակմանը: Ըստ տեսաբանների՝ միֆը աշխարհի զգայական վերարտադրման եւ կյանքի ռացիոնալ իմաստավորման միջոց է»,- ասաց լեզվաբանը: Նա հավելեց, որ գրականության մեջ միֆերն ունեն որոշակի կիրառություն՝ հատկապես Չարենցի, Իսահակյանի, Լեւոն Խեչոյանի, Գուրգեն Խանջյանի գործերում, իսկ ամենատարածվածը Փոքր Մհերի միֆն է:

Սեմինարի մասնակից Սյուզի Կակոյանը խոսեց գովազդներից, ասելով, որ դրանք առավել տպավորիչ են, եթե հիմքում ունեն առասպելական, հեքիաթային նախնական բաղադրիչներ՝ արքետիպներ: Ըստ Կակոյանի, դրանցից մեկն, օրինակ՝ «ալվան ծաղկի» հնարքն է. հայտնի հեքիաթում հրեշը մահանում է՝ վերածնվելով գեղեցիկ արքայազնի, իսկ գովազդի պարագայում «երջանիկ» հերոսը «դժբախտ» հերոսին է տալիս մի արժեքավոր իր, որի ձեռքբերումից հետո «դժբախտ» հերոսը երջանկանում է. «Դա կիրառվում է շոկոլադների, կոսմետիկ միջոցների կամ ըմպելիքների գովազդներում»:

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031